«Հաղթանակներից հեշտ է խոսել, յուրաքանչյուրն ասում է, թե մասնակցել է այսինչ մարտական գործողությանը, բայց չի հիշատակում նահանջի մասին, քանի որ դա հոգեբանորեն ծանր է: Մեր առաջնահերթ խնդիրն է՝ հիշել Շահումյանի անկման օրերը եւ արձանագրել կորուստները»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը:
Ականատեսը նշեց, որ 20 տարի առաջ այս օրը սկսված Շահումյանի անկումը ողբերգական հետեւանքներ ունեցավ, ինչը ժամանակին փորձում էին բարդել այս կամ այն քաղաքական գործիչների վրա. «Գյուլիստանից Հաթերք ժողովուրդը գաղթում էր անձրեւի տակ՝ անասուններին կապած եւ գորգերը բարձած: Դա կանոնավոր գաղթ եմ համարում, քանի որ մենք դարերի ընթացքում սովորել ենք դա կազպակերպված անել: Ինչպես ասում են՝ հայերը թալանել չգիտեն, ադրբեջանցիներն էլ՝ գաղթել»,-հավելեց Դեւրիկյանը:
Խոսելով Շահումյանի տարածաշրջանի պատմամշակութային արժեքներից՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշեց, որ տարածաշրջանի բոլոր գյուղերը հարուստ են բազմադարյան հուշարձաններով եւ մշտապես նպաստել են հայ մշակույթի զարգացմանը. «Հուշարձանների քանակը, կարելի է ասել, անփոփոխ է, որովհետեւ մինչ 1992թ-ը տանտերերը հայերին էին: Հիմնականում ոչնչացվել են գերեզմանները: Շահումյանի շրջանը ներառում է 12 հայաբնակ, 5 թուրքաբնակ եւ 1 ռուսաբնակ գյուղ»:
Հուշարձանագետը փաստեց, որ ըստ «Google Earth» որոնողական համակարգի 2011թ-ի լուսանկարների՝ ներկայումս կանգուն են շրջանի եռանավ եկեղեցիները, իսկ Գյուլիստանի 19-րդ դարին պատկանող եկեղեցու միայն հյուսիսային պատն է կանգուն.«1989 թ-ին երեւանաբնակ գյուլիստանցիների ջանքերով եկեղեցին վերանորոգվեց, սակայն հետագայում այն պայթեցրին: Առավել խորը ընկած գյուղերի հուշարձաններից հասկանալի պատճառներով տեղեկություններ չունենք. օտարերկրացու, առավել եւս՝ հայի համար դժվար է այնտեղ ոտք դնել»,-հավելեց Ս. Կարապետյանը:
Կարդացեք նաև
Հուշարձանագետը նաեւ նշեց, որ հիմնականում պահպանվել են կամուրջները, որոնք ադրբեջանցիներն օգտագործում են ՝ առանց հիշատակելու հայկական ծագումը. «Սեւջուր գետի վրայի կամուրջը «Խռոված» անունն է ստացել, քանի որ գետը փոխել է հունը, եւ կամուրջը հայտնվել է գետի ափին: Ավելի դառը ճակատագիր կամրջի համար լինել չի կարող»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ