Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստատեսությունը աղբաման է դարձել

Հունիս 13,2012 12:03

Ամեն տարի մեր հեռուստաընկերությունների ղեկավարները բարձրագոչ հայտարարություններ են անում, թե տեսեք, այս տարի ինչ ենք անելու, տեսեք ինչ բարձր մակարդակ ենք ապահովելու, իսպառ հրաժարվել ենք ռաբիսություններից եւ անճաշակություններից, կլկլոցներից եւ նվնվոցներից, հեռուստատեսային լեզվի, շեշտադրության հարցերին ենք անգամ անդրադառնում արդեն: Ավելին՝ սերիալների մեջ այնքան ենք հմտացել, որ արդեն սերիալ նկարելը մեզ համար դարձել է արեւածաղկի սերմ չրթելու պես մի բան: Եվ արդեն որակյալ սերիալներ ենք միայն ներկայացնելու հանդիսատեսին:

Բանաստեղծ ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ համոզմամբ. «Հեռուստատեսությունը աղբաման է դարձել: Կարելի է լսել միայն վերջին լուրերը, մի քանի հաղորդումներ՝ «Երգ երգոցը», Բախտամյանի հաղորդումները, էլի 1-2-ը:
Ի դեպ, «Երգ երգոցն» էլ են փչացրել, այնպիսի տպավորություն ունեմ, որ հայկական երաժշտության դեմ պայքար է ընթանում: Ինչ-որ Մհեր է հայտնվել, որը հայկական երգերի մեղեդին դարձնում է շիլա-շփոթ, մեղեդին ամորձատում է: Կոմիտասը, հայկական ճշմարիտ մեղեդին գրեթե բացակա է հեռուստատեսությունից:
Մեր հեռուստատեսությունը ոտիցգլուխ մաքրման կարիք ունի: Պետությունը մեծ գումարներ է տալիս, մինչդեռ շատ դեպքերում հեռուստաժամը մսխվում է, որպեսզի այդ ժամը լցվի: Այդ նպատակով կանչում են ամեն ախմախի, որը նստում, դաս է տալիս քեզ: Մինչդեռ գրողների միությունը խնդրում է մի 15 րոպե հատկացնել պոեզիայի ժամին։ Չեն տալիս:
Հեռուստատեսությունը հեղեղված է կամ էժանագին սերիալներով, կամ ռուսական եւ ամերիկյան ալիքներից կապկած, անհաջող եւ անճաշակ շոուներով, որոնք վարող ծեքծեքուն եւ անգրագետ հաղորդավարներն ու փոփ աստղիկները ուղղակի ձանձրացրել են հասարակությանը:
Իսկ սերիալները արդեն մի ամբողջ սերիալային հոգեբանություն են ձեւավորել` կախվածության մեջ գցելով մարդկանց տխմար, արհեստականորեն երկարացված կենցաղային մանրապատումներից: Ընդ որում՝ բոլորն ասես մեկը մյուսի կրկնությունը լինեն։
Որն է սերիալի իմաստը, ովքեր են այստեղ ներկայացված բացի հանցագործ տարրերից, մարդասպաններից, պուզատիներից, որոնցից մեկը միշտ հաշիվ ունի մաքրելու մյուսի հետ եւ կամ հետապնդվում է ինչ-որ ուժերի կողմից… Այսինքն՝ ինչ-որ 1-2 հոգու կռիվը, կենցաղն ու ապրելակերպը հրամցվում է բոլորին որպես հայ հասարակության կենցաղ: Որտեղ է երկիրը, որտեղ է ազգը, չես հասկանում:
Մեկ այլ կարեւոր հարց` ովքեր են գրում այդ սցենարները` պատին սեղմված մի աղջիկ մշտապես նայում է պոտենցիալ մարդասպանին, մի քիչ հետո պատին սեղմված մի տղա սպասում է, որ իրեն պիտի սպանեն, ապա` արյուն, հիվանդանոց, ախուվախեր եւ այլն, եւ այլն: Գրեթե բոլոր սերիալներում ինքնադատաստանը, «սամասուդն» է քարոզվում:
Հապա բառապաշարը: Հապա երկխոսությունները, որոնք տարբեր հեռուստաալիքներով ցուցադրվող սերիալներում կրկնվում են: Ի վերջո, ովքեր են այդ ինքնակոչ սցենարիստները։
Եվ այս ամենը ներկայացվում է որպես հասարակական պահանջ: Հասարակությանը ուղղակի տարիներ շարունակ նույն կերակուրը տվեցին եւ հիմարացրին: Մի տեսակ երջանիկ հիմարացման մեջ են, նստո՜ւմ են իրենց համար եւ ժամերով նայում, թե ախմախ հարաբերություններն ինչպես կզարգանան:
Ոչ երկրի ճակատագիրը կա, ոչ հանրության սոցիալական վիճակը, ոչ պետության անվտանգության հարցերն են կարեւորվում: Էհ, ինչքան կարելի է նույն բանը կրկնել: Միացնում ես արկղը, տեսնում ես այդ տհաճ մռութները եւ փոխում ալիքը: Հայկական հաշիվ մաքրելու անհեթեթ պատմություններ են»:
Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ հեռուստատեսային քաղաքականության մեջ լուրջ բարեփոխումներ կատարելու առաջամարտիկը եւ նախաձեռնողը պիտի լինեին մշակույթի ոլորտը ներկայացնող մարդիկ, բայց նրանք էլ սոցիալական բեռան տակ կքած են. ուշագրավ է, որ մեր աչքի առաջ տարեցտարի ավելի ու ավելի շատ դերասաններ են գնում դեպի հեռուստասերիալները: Իսկ երիտասարդների մի զգալի հատված դերասան ասելով հենց սերիալների դերասաններին նկատի ունի: Նրանց է ճանաչում:
Ցավոք, նրանց մի զգալի հատված կարծես իր տաքուկ տեղը գտել է հայկական սերիալներում, նրանք հաշտ են այլեւս սերիալային դերերին: Ավելին՝ առանձին դերասաններ առանձին հեռուստաընկերությունների կողմից մի տեսակ սեփականաշնորհվել են արդեն. եթե տվյալ հեռուստաընկերության սերիալն է, ուրեմն հստակ է, թե ովքեր են դերակատարները:

Ա. ԵՍԱՅԱՆ

«Հայոց աշխարհ»


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930