Լրահոս
Օրվա լրահոսը

Սրանք ընդամենը պրոֆիլակտիկ միջոցառումներ են, որոնց նպատակը Ռռբերտ Քոչարյանի հնարավոր ակտիվությունը կանխելն է

Հունիս 13,2012 11:51

Ինչո՞ւ այս պատուհասն իջավ հատկապես Վարդան Օսկանյանի գլխին։

Ճիշտ է, նա ԲՀԿ անդամ է եւ պատգամավոր է դարձել այդ կուսակցության ցուցակով, բայց շարունակում է ընկալվել որպես Ռոբերտ Քոչարյանի անմիջական զինակիցն ու հովանավորյալը, հետեւաբար՝ Սերժ Սարգսյանի «մեսիջը» հենց Ռոբերտ Քոչարյանին է ուղղված։ Ավելին. ԱԱԾ-ն որոշ մանրամասներ է հրապարակել եւ այնպիսի ընկերությունների անուններ նշել, որոնց հետ Քոչարյանի ինչ-ինչ հարաբերությունների մասին մամուլը ժամանակին գրել է։ Սա՝ մեկ։

Սերժ Սարգսյանի ուշադրությունը այսօր կենտրոնացած է բացառապես առաջիկա նախագահական ընտրությունների վրա։ Ընդ որում՝ նա կարողացել է Հայաստանում այնպիսի «ընտրական միջավայր» ստեղծել, որտեղ ամեն ինչ որոշվում է փողով։ Բնականաբար, եթե ընտրություններում որոշիչը փողն է,

առաջին հերթին պետք է վախենալ այն մրցակցից, ով շատ փող ունի, իսկ Սերժ Սարգսյանը թերեւս բոլորից լավ գիտի, թե ինչքան փող ունի Քոչարյանը։ Այլ կերպ ասած՝ հանուն իշխանության սեփական ժողովրդին «վարձկաններ» դարձնելը քիչ է, պետք է նաեւ այնպես անել, որ ուրիշ մեկը չկարողանա ավելի շատ վճարել։ Սերժ Սարգսյանն ըստ էության հենց դրանով էլ զբաղված է։ Իսկ թե ինչու է գործ հարուցվել հատկապես «փողերի լվացման» հոդվածով՝ նույնպես հասկանալի է։ Սերժ Սարգսյանը լավ գիտի, թե մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ որքան գումար է ծախսել ՀՀԿ-ն ու գիտի նաեւ, որ Քոչարյանի համար դա «փող չի»։ Բայց Քոչարյանի ֆինանսական միջոցների մեծ մասը, մամուլի տեղեկությունների համաձայն, գտնվում է արտասահմանում։ Եթե անգամ Հայաստանում լուրջ գումարներ կան, միեւնայն է՝ Հայաստանի բանկային համակարգը շատ լավ վերահսկվում է, եւ որեւէ մեկը թույլ չի տա, որ այդ համակարգից մեծ ծավալի կանխիկ գումար դուրս բերվի ու լցվի «քաղաքական դաշտ»։ Հետեւաբար՝ պետք է վերահսկողության տակ պահել արտասահմանից Հայաստան մտնող գումարները, ինչը եւ անում է ԱԱԾ-ն։ Այսինքն՝ սրանք ընդամենը

պրոֆիլակտիկ միջոցառումներ են, որոնց նպատակը Ռռբերտ Քոչարյանի հնարավոր ակտիվությունը կանխելն է։ Ավելին՝ քրեական գործի բնույթն այնպիսին է, որ ցանկացած պահի կարող են Քոչարյանին նույնպես հարցաքննել «որպես վկա»։ Շարմազանով Էդոն ասել է, չէ՞, որ քաղաքական պատվերների ժամանակները մնացել են անցյալում, այսինքն՝ օրենքի առջեւ բոլորը հավասար են։

Մի խոսքով՝ այս ամենը ցույց է տայիս, որ Սերժ Սարգսյանը շա՛տ է մտահոգված առաջիկա նախագահական ընտրություններով։ Մարդը ե՚ւ «փողի զորությունը» գիտի, ե՛ւ իրավապահների ու հատուկ ծառայությունների հնարավորությունները եւ դրա համար էլ այդ կառույցներն օգտագործում է, որպեսզի հանկարծ ուրիշ մեկը չօգտագործի «փողի զորությունը»։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930