Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ «փոշիով» է Օսկանյանը լվացել փողերը

Հունիս 13,2012 11:29

ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ բավական ուշագրավ համընկնումներ կան։ Բանն այն է, որ ԱԱԾ-ն պատահական չի ընտրել քրեական գործը հարուցելու օրը՝ մայիսի 25-ը՝ ԲՀԿ-ի՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու հաջորդ օրը։ Թե ինչու է գործ հարուցելու որոշումը կայացվել հենց այդ օրը, մնում է միայն կռահել։ Ավելին, ԱԱԾ հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ «փողերի լվացման» դեպքերը տեղի են ունեցել 2010-2011թթ., ընդ որում լվացվել են ամերիկյան գումարներ։ Ու այդ ամենի մասին ԱԱԾ-ն բարձրաձայնում է 2012թ. ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Հայաստան կատարած այցից հետո։ Սրանք, թերեւս, այն տարօրինակ զուգադիպություններն են, որոնք համադրելու դեպքում կարելի է որոշակի ենթադրություններ անել։

ԱԱԾ մամուլի ծառայությունից չմեկնաբանեցին, թե ինչու 2010- 2011 թթ. կատարված դեպքերի մասին իրենք այսօր են խոսում։ Մեր բոլոր հարցերին ԱԱԾ մամուլի ծառայությունից մեկ նախադասությամբ պատասխանեցին. «Մեր տարածած հայտարարության մեջ ամեն ինչ ասված է»։ Տեսակետ կա, որ իշխանությունների այս քայլն ընդամենը նախազգուշական բնույթ ունի, եւ ի սկզբանե փորձում են զսպել Օսկանյանի՝ ընդդիմադիրի դիրքերից հնարավոր դրսեւորումները։

Կա նաեւ երկրորդ տեսակետը, ըստ որի՝ այս ամենը խաղ է, ու դեռ ամիսներ առաջ իշխանությունները փորձում են ԲՀԿ-ից ու Օսկանյանից հալածվող ընդդիմադիրի կերպար ստեղծել, որպեսզի նրանց, այդ սցենարի համաձայն, խաղացնեն նաեւ նախագահի առաջիկա ընտրություններում։ Այլապես, ինչպես պնդում են մեր աղբյուրները, ԱԱԾ-Ն անհետեւանք չէր թողնի այս քրեական գործը։ Դեռ ավելին, Օսկանյանի հետ կվարվեին այնպես, ինչպես ժամանակին վարվեցին ԱԳ մեկ այլ նախկին նախարարի՝ Ալեքսանդր Արզումանյանի հետ. նրան ձերբակալեցին ու ավելի քան 6 ամիս հանիրավի կերպով պահեցին ԱԱԾ մեկուսարանում։ Իսկ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի տանից «լվացված» 40 հազար ԱՍՆ դոլարը մինչ օրս չեն վերադարձրել։ Հիշեցնենք, որ Շիրխանյանն ու Արզումանյանն այդ շրջանում «ցախավելների հեղափոխություն» էին իրականացնում, ինչը վտանգ էր հարուցում գործող իշխանությանը։

Ինչեւէ, ԱԱԾ լրատվական կենտրոնից հետաքրքրվեցինք, թե արդյոք առաջիկայում իրենք պատրաստվում են դիմել ԱԺ՝ պատգամավոր Օսկանյանին մեղադրանք առաջադրելու, միգուցե նաեւ կալանավորելու վերաբերյալ թույլտվություն ստանալու հարցով։ Կոնկրետ պատասխան չեղավ, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, հետեւաբար չեն կարող պատասխանել այդ հարցին եւս։

Արման ԳԱԼՈՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930