Aravot.am-ի հարցին` ո՞ր ոլորտում եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը, ՀՀԿ խորհրդի անդամ, չորրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Սահակյանը հակադարձեց. «Բոլոր ոլորտներում»:
Հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է ինքն էլ ընդգրկվի գործադիրում, քանի որ պաշտոնից հեռացած ԲՀԿ-ական նախարարների աթոռները դեռեւս թափուր են եւ միայն առաջիկայում կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերում կհստակեցվի` թե ովքե՞ր են պաշտոնավարելու: Սահակյանն ասաց, որ այդ թեմայով հանդիպում նախագահի հետ ինքը չի ունեցել, որեւէ առաջարկ չի ստացել. «Ես կուսակցական եմ, կուսակցական ավագ ընկերները լավ տեսել են իմ աշխատանքն ու գործունեությունը, կարծում եմ, համապատասխան ճիշտ որոշում կկայացնեն»:
Արդյոք ինքն իրեն գործադիրում տեսնո՞ւմ է` հարցին, մեր զրուցակիցը հակադարձեց. «Իմ կատարած աշխատանքը օրենսդիրում, մինչեւ այդ նաեւ գործադիրում տեսել են կուսակցական ղեկավար մարմինները, երկրի նախագահը եւ եթե հարմար կգտնեն գործադիրում` պատրաստ եմ աշխատել գործադիրում, եթե օրենսդիրում` կաշխատեմ օրենսդիրում»:
Կարդացեք նաև
Նա չի բացառում, որ նոր կառավարությունը ձեւավորելիս հնարավոր են մեկ-երկու տեղաշարժեր, որոնց արդյունքում էլ ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ համարներին հնարավորություն կընձեռվի մտնել խորհրդարան: Հարցին` ինչ որ բան գիտե՞ք, Սահակյանն ասաց, որ ընդամենը ենթադրում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ