Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Մշակույթն այսօր ավելի շատ ընկալվում է որպես փիառ ակցիա»

Հունիս 13,2012 11:14

Հատված Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ հարցազրույցից

Ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք մշակութային դաշտում, որոնք կուզեիք, որ բարձրացվեին ԱԺում։

– Մի քանի տարի առաջ, երբ պատգամավորներից մեկի հետ զրուցում էի այս թեմայով, այդ մարդն ինձ ասաց, դուք պետք է հասկանաք, որ պետությունն արվեստին վերաբերվում է իբրեւ բիզնեսի, իսկ յուրաքանչյուր բիզնես պետք է ինքն իրեն արդարացնի։ Եթե «բիզնես» բառը մենք ընկալում ենք իր բուն իմաստով, որպես գործ, ուրեմն շատ ճիշտ է անում պետությունը, իսկ եթե գավառական իմաստով՝ փող շինել, ապա դա այդպես չէ։ Մեր թատրոնն էլ է զբաղված բիզնեսով՝ գործ անելով, եկեք գնահատենք այդ գործը, նա լա՞վ է կատարում, թե՞ վատ, եթե լավ է կատարում՝ համապատասխան ձեւով վարձատրենք։ Աշխարհի երեսին ոչ մի թատրոն, սկսած Բրոդվեյի թատրոնից մինչեւ մերը, չի կարող տոմսերի վաճառքով ապրել։ Ամենակարեւորն այն է, երբ մենք սթափ տեսնում ենք խնդիրը, այդ ժամանակ մենք կարող ենք սխալվել, բայց ի վերջո կգտնենք ճիշտ ճանապարհը, բայց, կարծում եմ, այսօր պարզ չէ, թե ինչի համար է պետք այս երկրի մշակույթը, եթե մեզ համար հասկանանք, թե ինչի է պետք, լուծումներն էլ կգտնենք։ Կարծում եմ՝ միայն մշակույթն է, որ ստեղծում է քաղաքակիրթ հասարակություն, իսկ քաղաքակիրթ հասարակության կարիք ունեն բոլորը, այդ թվում եւ գողերը, որովհետեւ եթե բոլորը եղան գող, շատ դժվար կլինի գողություն անել, պետք է լինեն ազնիվ, միամիտ մարդիկ եւս։ Մենք արհամարհում ենք մշակույթը, բայց այն ատամի մածուկի նման է, եւ երբ այն չենք օգտագործում ամեն օր, հետո

չպետք է բողոքենք կարիեսից։

Ցավոք սրտի, մշակույթն այսօր ավելի շատ ընկալվում է որպես փիառ ակցիա. մի միջոցառում անցկացվեց, մի միլիոն ծախսվեց ու վերջ, բայց սա չէ, դա ամեն օրվա հաճախ աննկատ աշխատանքն է։ Չի կարելի երեխային դաստիարակել տարին մեկ անգամ, նույն բանը նաեւ մշակույթի դեպքում է, այդ ժամանակ է, որ հասարակությունը դառնում է քաղաքակիրթ։ Հիմա պետք է որոշենք՝ ինչ քաղաքակրթություն ենք մենք մեզ համար ուզում։ Մենք հաճախ բերում ենք ինչ-որ օրինակներ՝ մեզ հակադրելով քաղաքակիրթ աշխարհին, ասելով, այ, հայի կերպարը սա է, յուրաքանչյուր ազգի կերպար ստեղծվում է որոշակի միջավայրում։ Այնպես ստացվեց, որ վերջին հազար տարին մեր միջավայրը եղել է կամ արաբական խալիֆաթը, կամ Օսմանյան կայսրությունը եւ այլն։ Ինչ կոչում ենք հայի կերպար՝ եղել է այդ միջավայրում։ Բայց ես հայի կերպարն ուզում եմ մի քիչ հեռվից վերցնել եւ կապել քրիստոնեության հետ, եկեղեցի գնալն էլ պետք է դառնա կենցաղի մաս։ Երբ ասում ենք՝ եվրոպական արժեքներ, դա հոմոսեքսուալիզմը չէ, դա առաջին հերթին քրիստոնեությունն է, ներողամտությունը, տոլերանտությունը, դա քո եւ դիմացինիդ ազատությունը հարգելն է, ու ես ինձ տեսնում եմ այդ համակարգի մեջ, ոչ թե արաբական խալիֆաթի եւ Օսմանյան կայսրության։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930