Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալ սպան ձերբակալվել է դեպքից 8 ամիս անց

Հունիս 13,2012 11:05

 Հունիսի 12-ին Իջեւանում կայացավ լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը: Նիստում ցուցմունքներ տվեց «Ղոզլու» հենակետի հարեւան՝ «Լույս»« հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը: Ամբաստանյալն ասաց, որ ինքը Արտակ Նազարյանի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել, որ իրենց վաշտը լավ ցուցանիշներով տարբերվել է գնդի այլ վաշտերից, «պոկազատելնի լինյա» է եղել:

Վ. Հայրապետյանը հայտնեց, որ դեպքից հետո ինքը տարվել է ռազմական ոստիկանություն, ուր 7 օր եղել է կալանքի տակ՝ չիմանալով իր կարգավիճակը: Ամբաստանյալն ասաց, որ Արտակ Նազարյանը երբեք չէր գանգատվում ծառայության պայմաններից, նա մտերիմ էր իր դասակի զինվորների հետ, շատ էր սիրում զինվորներին, երբ իր դասակի զինվորները այլ գումարտակների սպաների հետ խնդիրներ են ունեցել, Նազարյանը գնացել՝ այդ հարցերը լուծել է: Ամբաստանյալն ասաց, որ հասկանում է իրեն առաջադրված քրեական հոդվածի բովանդակությունը, սակայն չի հասկանում, թե ինչո՞ւ է իրեն նման մեղադրանք վերագրվել: Նա ասաց, որ Արտակ Նազարյանի մահվան դեպքից հետո ինքը երկու ամիս եղել է պաշտպանության նախարարության կադրերի տրամադրության տակ, հետո վերականգնվել է նույն զորամասում ծառայության մեջ, 8 ամիս անց ինքը ձերբակալվել է:

Հայրապետյանն անդրադառնալով 2010թ. հուլիսի 19-ին կապիտան Հակոբ Մանուկյանի եւ լեյտենանտ Արտակ Նազարյանի կռվին, ասաց, որ ինքը չի հարվածել Նազարյանին, այլ՝ բաժանել է նրանց: Ամբաստանյալն ասաց, որ ինքը պատճառ չուներ Արտակ Նազարյանին խփելու: Մինչդեռ դատարանին ցուցմունքներ տված 4 վկաներից 3-ը պնդել էին, որ Վահագն Հայրապետյանն այդ ժամանակ հարվածել է Նազարյանին: Դատավոր Սամվել Մարդանյանը Վ. Հայրապետյանին հարցրեց, որ եթե Արտակ Նազարյանի նկատմամբ բռնություններ չեն գործադրվել, բարձրագույն կրթություն ունեցող, երիտասարդ սպան ինչո՞ւ կյանքից հեռացավ:

– Չեմ կարող ասել,- ասաց Վահագն Հայրապետյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը ամբաստանյալին ասաց, թե վերջինս վկայությամբ՝ ռազմական ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն չի գործադրվել, ինչո՞ւ է նա այժմ հրաժարվում նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքներից:

-Այդտեղ ինչ կա, ոնց է գրված, ես գործին տեղյակ չեմ: Ինչ-որ գրված` ինձ հետաքրքիր չէ, կարող է բաներ կան, որ ստորագրել եմ, բայց չեմ նայել: Ես դատարանում ճիշտ եմ ասում:

Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 26-ին: Այդ նիստում կհարցաքննվեն ամբաստանալ զինվորներ Հարութիկ Կիրակոսյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Մխիթար Մխիթարյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930