Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու ԲՀԿ-ն չի հանձնում մյուս պաշտոնները

Հունիս 13,2012 10:59

«Բարգավաճ Հայաստանը», որ հրաժարվեց կոալիցիայի մաս կազմել՝ վայր դնելով նախարարական 4 եւ մարզպետական 2 պորտֆելները, չի շտապում հրաժարվել նաեւ փոխնախարարների, փոխմարզպետների, վարչության պետերի եւ այլ պաշտոններից։

Ստացվում է, որ ԲՀԿ-ն կիսակոալիցիայի մեջ է ՀՀԿ-ի հետ։ Այս պահի դրությամբ, օրինակ, ԲՀԿ Արմավիրի տարածքային խորհրդի նախագահ Արայիկ Աղաբաբյանը Արմավիրի փոխմարզպետն է, ԲՀԿ-ական Մանաֆաս Առաքելյանը՝ Արագածոտնի փոխմարգպետը, ԲՀԿ Վանաձորի տարածքային խորհրդի նախագահ Էդիկ Կարախանյանը՝ Լոռու փոխմարզպետը, Սամվել Խաչատրյանը՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարն է, Վարդան Կարապետյանը՝ գյուղատնտեսության փոխնախարարը, Ռուբեն Սինոյանը՝ կապի եւ տրանսպորտի փոխնախարարը, Ռոմիկ Տիգրանյանը՝ արտակարգ իրավիճակների փոխնախարարը։ Աշխատանքի տեսչության պետի պաշտոնը ԲՀԿ-ինն է, տարբեր նախարարություններում ԲՀԿ-ն ունի վարչության պետեր եւ այլն։ Այս թեմայով երեկ մի շարք հարցեր ենք ուղղել ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին։

– Պարոն Ուրիխանյան, ձեր փոխնախարարները հրաժարական չեն տվել, դա քաղաքական որոշո՞ւմ է, ի՞նչ է դա նշանակում։

Ես ուզում եմ միանշանակ հայտարարել, որ ԲՀԿն որեւէ դիրքորոշում՝ համատեղ կառավարման առումով չի փոխել եւ չի էլ փոխելու։

– Բայց մի քիչ հասկանալի չէ, դուք կոալիցիայի մաս չեք կազմել, այնինչ՝ ձեր փոխնախարարները շարունակում են պաշտոնավարել։

Դե, դա կարող է կրել ժամանակավոր ինչոր բնույթ, տեխնիկական բնույթ, չգիտեմ։ Կարող են փոխնախարարներ լինել, որ իրենց հայեցողությամբ փոփոխություններ իրականացնեն սեփական համոզմունքների կամ քաղաքական կուրսի կամ գործունեության մեջ։ Ես չեմ բերում դա մեր փոխնախարարների վրա, ուղղակի օրինակ եմ ասում։ Եթե նույնիսկ այդպիսի բան էլ տեղի ունենա, դա ամենեւին չի նշանակի, որ ԲՀԿն գնացել է ինչոր պայմանավորվածությունների կամ համատեղ կառավարման։ Այսինքն, եթե որոշակի մարդիկ աշխատում են կամ աշխատելու են՝ ինչոր հաստիքներ զբաղեցնելով պետական համակարգում, դա ոչ մի կերպ չի կարող նշանակել, որ ԲՀԿն ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել կամ կարող է ձեռք բերել։ Եվ մենք ասել ենք, որ պատրաստ ենք մտնել պատասխանատվության տակ եւ մտնել համատեղ կառավարման մեջ միայն այն պարագայում, եթե մեր սեփական քաղաքական կուրսը որեւէ կերպ չի կաշկանդվելու, եթե նախապայմաններ չեն լինելու։ Եթե դա չի լինելու, ուրեմն՝ աննպատակահարմար է որեւէ պաշտոն գործադիրում զբաղեցնելը եւ որեւէ պատասխանատվության տակ մտնելը։

– Ձեր ասածը հակասում է եղածին, դուք ասում եք, որ որեւէ պատասխանատվություն չեք  վերցնում, բայց ձեր կուսակիցները շարունակում  են  տարբեր  բարձր պաշտոններ զբաղեցնել։

Չէ, նախեւառաջ փոխնախարարը   դա   պատասխանատվության ոլորտ չէ, նույնիսկ այսպես շատ ձգելով կարելի է ասել, որ նախարարը   պատասխանատվության ոլորտ է ստանձնում, որովհետեւ մի նախարարով էլ ոչինչ չի փոխվի, իսկ հայեցողական պաշտոններըորոնք քվոտավորվում են համապատասխան հուշագրերի համաձայն, բաժանվում են կուսակցությունների միջեւ, մենք այդպիսի բան չունենք։ Դա կարող է կրել ժամանակավոր բնույթ, եւ հավանաբար այդպես էլ կա։

– Այսինքն, չե՞ք բացառում, որ ձեր փոխնախարարները առաջիկայում հրաժարական տան։

Չեմ բացառում։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930