Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հովնանյանն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչու «ժողովուրդ չի մնացել Հայաստանի մեջ»

Հունիս 13,2012 10:49

«Մեր բիզնեսը տուժում է, որովհետեւ ժողովուրդ չի մնացել Հայաստանի մեջ։ Դա ցավ է ինձ համար…»,- երեկ այսպիսի հայտարարություն արեց «Հայելի» ակումբում հյուրընկալված ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը։ Սա, ինչ խոսք, ուշագրավ հայտարարություն է։ Բայց սա շատ ավելի ուշագրավ է դաոնում, երբ նման հայտարարության հեղինակը՝ գործարար, կրթված, տեղյակ անձնավորություն լինելով, այդպես էլ երեկ չկարողացավ բացատրել, թե, այնուամենայնիվ, ինչու «ժողովուրդ չի մնացել Հայաստանի մեջ»։ Գործարար Վահագն Հովնանյանը բավական համակրելի անձնավորություն է եւ շահեկանորեն տարբերվում է իր շատուշատ «գործընկերներից»։ Կարելի է նույնիսկ ասել, որ նա գործարար համայնքի այն փոքրամասնության ներկայացուցիչներից է, որոնք իրենց օրինակով թույլ չեն տալիս, որ «հաբռգած հայ գործարար» որակումը տարածվի ամբողջ համայնքի վրա։ Բայց, լինելով Հայաստանում գործունեություն իրականացնող գործարար, նա ստիպված է ե՛ւ բարձրաձայնել խնդիրների մասին, ե՛ւ դա անել առանց իշխանություններին քննադատելու։ Ու այս երկատվածության հետեւանքով՝ երեկվա նրա հրավիրած ասուլիսը չափազանց հետաքրքիր ստացվեց։ Ասուլիսի հայտարարված թեման դրամի արժեզրկումն էր։ Հովնանյանը պնդեց, թե դրամի արժեզրկումը պայմանավորված է համաշխարհային գործընթացներով եւ ոչ թե հայաստանյան իրադարձություններով։ Եթե այդպես է, ապա գործարարը ինչպե՞ս կբացատրի, որ դրամը սկսեց սրընթաց արժեզրկվել ընտրություններից անմիջապես հետո։ Արդյոք դա պայմանավորված չէ՞ր նրանով, որ ընտրություններից մի քանի օր առաջ մի քանի տասնյակ միլիարդ դրամ բանկերից դուրս եկավ ու կանխիկի տեսքով լցվեց շուկա… Այս հարցերը ուղղեցինք պրն Հովնանյանին՝ հաշվի առնելով, որ նա գործարար է եւ նաեւ՝ ասուլիսի թեման դրամի փոխարժեքն է։ Պատասխանը անակնկալ էր. «Հավատա, ամեն օր դոլար առնող-ծախող չենք, մենք շինարար ենք, մեր գործը շինարարությունն է, ոչ թե էքսչենջը»։ Ինչն է այստեղ ուշագրավ։ Լինելով գործարար եւ այդքան կարեւորելով դրամի փոխարժեքը, Հովնանյանը ցույց է տալիս, որ տեղյակ չէ, թե ինչ է եղել դրամի փոխարժեքի հետ։ Կարծում ենք՝ տեղյակ է, բայց եթե ասի՝ այո, տեղյակ է, որ մայիսի 6-ի ընտրություններից առաջ մի քանի տասնյակ միլիարդ դրամ է լցվել շուկա, ինչն էլ դարձել է դրամի սրընթաց արժեզրկման պատճառ,  ապա պետք է նաեւ ասեր, որ դա հենց այն ընտրակաշառքն է, որն առատորեն բաժանվել է իշխող կուսակցության համար ձայներ գնելու նպատակով։ Եթե նման բան ասի, ապա պետք է կասկածի տակ դնի ընտրությունների արդյունքները, իսկ դա արդեն խնդիր է:

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Ա. says:

    Մեր ազգի մարդիկ միշտ էլ վախեցել են ոտի վրա կանգնել ու համարձակ ճշմարիտ խոսք ասել: Մեզ մոտ իշխանությունը միշտ բացարձակ է ու այդպես էլ պիտի մնա: Ներքևում կանգնածը իրավունք չունի մտածելու ու առավել ևս ինքնուրույն քայլ անելու: Հակառակ դեպքում նրան մահն է սպասում, լավագույն դեպքում սննկացում ու վտարում: Դրա համար էլ էս օրին ենք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930