Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության ուժն ընդդիմության ստվերն է

Հունիս 13,2012 10:16

Այն, ինչ ներկայումս կատարվում է Հայաստանի քաղաքական դաշտում, իրականում շատ հեռու է բուն քաղաքականությունից որպես երևույթ, որպես հանրային համակեցության և հասարակության շահերի սպասարկման մշակույթ: Դա ընդամենը իշխանության համար պայքար է, որ մղում են Հայաստանում քաղաքական կոչված դաշտում գտնվող ուժերը, և մեծերը մեծ հավակնություններ են փորձում իրացնել, փոքրերը՝ փոքր:

Եվ քանի որ իշխանության համար պայքարը ոչ միայն բուն, այլ թերևս միակ նպատակն է բոլորի համար, մշտապես հաղթողի դերում է իշխանությունը կամ նա, ով ունի դրանից ավելի շատ, քան մյուսները: Իշխանությունն էլ տվյալ դեպքում ոչ թե ժողովրդական աջակցությունն է, այլ հենց պետական կառավարման լծակները, ինչը Հայաստանի պարագայում ենթադրում է նաև կապիտալի իշխանություն: Դա էր պատճառը, որ Հայաստանում 1990-ականներից ի վեր հաստատված է մի պետական կարգ, որտեղ ով իշխանություն է, նա էլ դուրս է մրցակցությունից և հաղթում է միշտ: Այդպես իշխանությունը վերարտադրվեց 1995-96 թվականներին, երբ ընդդիմադիր ուժերը, չնայած հասարակական մեծ աջակցությանը, ոչ մի շանս չունեին իշխող մեքենայի առաջ: Այդպես հենց իշխանությունն ինքն իր ներսից փոխվեց 1998 թվականին, որովհետև նման իշխանությունը չի կարող այլ կերպ փոխվել: Այդպես անպարտելի էր Ռոբերտ Քոչարյանը 2001-ից մինչև 2008 թվական: Այդպես հիմա էլ իշխանության լծակները բանեցնում է և անպարտելի դիրքերում է հայտնվում Սերժ Սարգսյանը:

Խնդիրն այստեղ այն է, որ այդ համակարգի դեմ պայքարող բոլոր ուժերն էլ իրականում, դժգոհելով համակարգից, պայքարի նույն տրամաբանությունն են կիրառել, և նրանց համար հասարակությունը ոչ թե գործընկեր է եղել, ոչ թե շարժիչ, թելադրող ուժ, այլ ընդամենը եղել է ռեսուրս կամ գործիք իշխանության հետ բանակցության մեջ մտնելու և այդ միջոցով իշխանությունից ինչ-որ բան կամ ամբողջը վերցնելու համար: Ահա թե ինչու, նաև, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի, այսպես ասած, ընդդիմադիր պայքարի ամբողջ պատմության ընթացքում ընդդիմությունները վերջին պահին, այդուամենայնիվ, դադարեցրել են հասարակության հետ հաղորդակցությունը և անցել ստվերային գործընթացների, որոշակի ինտրիգային իրավիճակների, ինչից հետո ամեն ինչ հանձնվել է իշխանությանը և վերջացել:

Այդպես էր 1996 թվականին, երբ Վազգեն Մանուկյանը գնաց ԿԸՀ և հասարակությանն ինչ-որ անհասկանալի մեսիջ փոխանցեց, որից հետո կորավ կապը հասարակության և ընդդիմադիր պայքարի միջև, ու ամեն ինչ վերածվեց անկառավարելի մի գործընթացի, իշխանությանը տալով ուժ կիրառելու լեգիտիմություն: Մինչդեռ, եթե Վազգեն Մանուկյանը մինչև վերջ պահեր հանրության հետ հաղորդակցությունը, խնդիրներից կարևորը համարեր իր և հասարակության այդ հոծ բազմության միջև փոխադարձ կապի, միմյանց հետ որոշումներ կայացնելու և դրանց տեր կանգնելու հավաքականությունը, ապա իրավիճակը կարող էր զարգացման այլ ընթացք ստանալ` առավել բարդ խնդիր դնելով իշխանության առաջ:

Նույն կերպ հասարակության հետ կապը կորցրեց Ստեփան Դեմիրճյանը 2003 թվականին, անհասկանալի որոշում կայացնելով` գնալ տուն և հարկ չհամարելով դա որևէ կերպ բացատրել քաղաքացիներին, որոնք գուցե օգնեին նրան առավել օպտիմալ որոշում կայացնելու: Բայց Ստեփան Դեմիրճյանը որոշումը կայացրեց անհասկանալի է, թե ում հետ խորհրդակցելով, ինչի արդյունքում ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Ռոբերտ Քոչարյանը ընդդիմության հանդեպ կրկին վերջին հաշվով լեգիտիմ ուժ կիրառեց 2004-ի ապրիլին և փակեց թեման մինչև 2008:

2008-ին Տեր-Պետրոսյանը առաջին շրջանում բավական հաջող էր պահում հանրության հետ փոխադարձ կապը, առնվազն կարողանալով ստեղծել դրա լուրջ տպավորություն, եթե անգամ իրականում որոշումները կայացնում էր միանձնյա: Հետո, սակայն, Տեր-Պետրոսյանն էլ սկսեց կորցնել այդ կապն ու մտնել քաղաքական բանակցությունների, իսկ մեծ հաշվով՝ բանսարկությունների հորձանուտ, քանի որ երբ հրապարակային քաղաքականությունը հիմնվում է ընդամենը հավատալու պահանջի վրա, քաղաքականության մնացյալ՝ ոչ հրապարակային մասն արդեն վերափոխվում է բանսարկության, ուզես, թե ոչ: Կամա, թե ակամա, Տեր-Պետրոսյանն ու Կոնգրեսը մտան այդ դաշտ` Սերժ Սարգսյանին հնարավորություն տալով գրեթե անելանելի, չափազանց ծանր ներքին իրավիճակից դուրս գալ առավելագույն հաջողությամբ: Ներկայումս էլ, Սերժ Սարգսյանի դեմ ընդդիմադիր պայքարը մղվում է առավելապես այդ բանսարկության տիրույթում, որովհետև հասարակության հետ հրապարակային հաղորդակցությունը և իրական գործընթացները միմյանցից բովանդակային առումով կտրված են խորապես:

Ներկայումս այդ գործընթացի ակտիվ մաս է դարձել նաև «Բարգավաճ Հայաստանը», նաև Ռոբերտ Քոչարյանը: Եվ բոլորը շարունակում են ստվերային, կուլիսային մարտավարությունը` փորձելով ներքին պայմանավորվածությունների կամ ներքին պլանավորման միջոցով Սերժ Սարգսյանին դնել փաստի առաջ: Ու քանի որ Սարգսյանի դեմ պայքարը կրում է այդպես խորը ստվերային բնույթ, Սարգսյանը կարողանում է իշխանական լծակների գործադրման միջոցով դիմագրավել այդ պայքարին, և դա անել բավական հաջող, որովհետև Հայաստանի տիպի իշխանական համակարգերի համար էական վտանգը ուժն է՝ կա՛մ իր նման իշխանական, կա՛մ հասարակական: Ստվերային քաղաքականության դերակատարները հասարակական կամ իշխանական ուժ չունեն: Հասարակությունը չի հասկանում նրանց, որովհետև նրանք բավականին բաներ թաքցնում են հասարակությունից, բավականին քայլեր կատարում առանց հանրությանը բացատրություններ տալու, իսկ իշխանության առումով էլ նրանք չունեն այնքան իշխանություն, որ Սերժ Սարգսյանին հրաժարում պարտադրեն, ինչպես 1998 թվականին պարտադրվեց Տեր-Պետրոսյանին:

Այստեղ էական է նաև այն, որ այս դեպքում կարծես թե Սարգսյանի վրա չկա նաև միջազգային այնպիսի ճնշում, որը նրան թույլ չտար պահել իշխանությունը: Ավելին` նույնիսկ կա ակնհայտ միջազգային աջակցություն: Թե ինչի համար և մինչև երբ, դա այլ հարց է, բայց ներկայումս փաստն այն է, որ նա ունի նաև այդ աջակցությունը, որպեսզի կարողանա արդյունավետ դիմագրավել իր դեմ ստվերային ընդդիմադիր պայքարը: Իրավիճակը կփոխվի, թերևս, այն դեպքում, երբ էական փոփոխության ենթարկվի Սերժ Սարգսյանի հանդեպ միջազգային վերաբերմունքը: Այդ դեպքում, ստվերային պայքարի դաշտը կարող է ուժեղանալ: Հակառակ դեպքում, Հայաստանում իրավիճակ կփոխվի միայն այն ժամանակ, երբ ձևավորվի քաղաքական հրապարակային գործընթաց, երբ հաստատվի իրական քաղաքականություն և իշխանությանն ու նաև քաղաքական համակարգի մյուս դերակատարներին պարտադրվի հրապարակային խաղ կամ նրանցից որևէ մեկը համարձակություն, հնարամտություն և երևակայություն ունենա Սերժ Սարգսյանի դեմ անհեռանկար ստվերային պայքարից դուրս գալ հանրային պայքարի հրապարակային դաշտ և թելադրել քաղաքական նոր որակ, մտածողություն, վարք: Քանի դեռ այդ ամենը չկա, և քանի դեռ կա միջազգային աջակցություն, Սերժ Սարգսյանը միշտ կարողանալու է դիմագրավել ստվերային ավանտյուրաներին, որովհետև տիրապետում է

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930