Վ. Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորը երեկ ԲՈՒՀ-ի խորհրդի քվեարկության արդյունքում ընտրվել է նախանձելի միասնականության մթնոլորտում: 23 անդամներից 22-ը կողմ են քվեարկել, իսկ մեկի քվեարկությունը համարվել է անվավեր: Փաստորեն, ամբողջ խորհրդում չէր գտնվել գոնե մեկը, ով դեմ արտահայտվելով` գուցե իր բարոյական աջակցությունը հայտներ հեռացված ռեկտորին:
Այստեղ անձերի խնդիր չէ: Եթե անգամ Սուրեն Զոլյանն այնպիսի բռնակալ էր, որ դասախոսները հիմա իրենց ազատագրված են համարում, ապա առավել քստմնելի է նրա պաշտոնավարման ընթացքում հլու-հնազանդ մնալու և ընդդիմանալու քաջություն չունենալու` նրանց պահվածքը:
Միանգամից կարելի է հիշել երկու շաբաթ առաջ կայացած` ԱԺ ղեկավարության ընտրությունները: Բայց այն ժամանակ գոնե գտնվել էին մարդիկ, ովքեր, օգտվելով քվեարկության գաղտնի լինելու հանգամանքից, դեմ էին քվեարկել: Փաստորեն, Աժ-ում ավելի ժողովրդավարական ավանդույթներ կան, քան բուհերում, որոնք ոչ միայն մասնագետ, այլև քաղաքացի կրթելու պատասխանատվություն ունեն:
Եթե մտավորական հորջորջվող դասախոսներն ու ուսխորհուրդներն են այս աստիճան նեոբոլշևիկ ու վարակված բրեժնևյան«ադաբրյամսի» համախտանիշով, ի՞նչ սպասել քաղաքացիներից, ովքեր վաղուց հասկացել են նման ընտրությունների անիմաստությունը և շարժվում են «շնից մազ պոկելն էլ քյարէ» սկզբունքով:
«Երկիր»