Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նստացույց՝ նախագահական նստավայրի մոտ. պահանջում են վերադարձնել իրենց տները

Հունիս 12,2012 21:09

Էմմա Սահակյանից տունը խլել է քրոջ դուստրը

Ելենա Աթոյանի տունն էլ խլվել է կադաստրային «խաղերի» արդյունքում:

Այսօր նախագահի նստավայրի դիմաց «Գողերին հանեք տնիցս» պաստառով նստացույց էին անում երկու կին՝ Բաղրամյան 1-ին փակուղու թիվ 7 տան բնակիչ Ելենա Աթոյանը եւ Օրբելի 8 հասցեի 73 բնակարանի նախկին բնակիչ Էմմա Սահակյանը: Նրանք երկուսն էլ նախագահին խնդրում էին վերադարձնել իրենց տունը, որը խաբեությամբ իրենցից վերցրել են: Ելենայի պատմելով՝ իր տան վրա աչք է ունեցել ՕԵԿ առաջնորդը, ապա ապօրինաբար կադաստրային ինչ-ինչ կեղծ փաստաթղթերով իր հայրական առանձնատան վրա գրանցվել են անծանոթ մարդիկ:

Ըստ տիկնոջ, իր հայրը պետհամալսարանի հիմնադիրներից մեկն է եղել, մեծ գիտնական, որը սթրեսից մահացել է. «Ուղարկել են էն աշխարհ, մորս լռեցրել, դետեկտիվ ենք խաղում»: Տիկին Ելենան արդեն մոտ 10 տարի է՝ պայքարում է. «2003-ին սկսել է կծիկը, հետզհետե բացվել: Ես ճարտարապետ եմ, ունեմ 15 տարվա էքսպերտիզայի ստաժ, փաստաթուղթը կարդում եմ փակ աչքերով, ամբողջ կադաստրային գործը կեղծվել է: Այս հարցով, որ իմ տունը ձեռքիցս խլում են, բացի կաթողիկոսից բոլորին դիմել եմ, բոլորին անխտիր՝ դեսպանատներ, անգամ Մեդվեդեւին եմ դիմել՝ ոչ մի արձագանք»: Մեր հարցին՝ կաթողիկոսին ինչո՞ւ չեք դիմել՝ կինը պատասխանեց, որ չի իմացել, ինչպես պետք է դիմի:

Էմմա Սահակյանից էլ, նրա պատմելով, տունը խլել է հարազատ քրոջ դուստրը՝ «Հիշողություն վերածնունդ» բարեգործական կազմակերպության նախագահ Սուսաննա Մարգարյանը, որը քրոջ մահից հետո տիրացել է իր ողջ ունեցվածքին: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Էմման պատմեց. «2009-ին ամառային հագուստով հայտնվել եմ փողոցում: Մինչ այդ բնակվում էի Օրբելի փողոցում՝ քրոջս հետ, որը ժառանգ չուներ: Մյուս քրոջս աղջիկը, որի հետ 10 տարի կապ չենք ունեցել, եկավ, նորից մտերմացավ, քույրս 79 տարեկան, հիշողությունը կորցրած, շաքար ուներ, խաբելով, որ կտանի իրան կպահի, տունն իրենով է արել: Նա բազմաթիվ կեղծիքներ է արել, ես էլ այդքան ատյանների դիմել եմ՝ ոչ մի արդյունքի չեմ հասել, 3 տարի է՝ փողոցում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930