Այսօր Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվեց «Հեռակա զգայունություն» խորագիրն ունեցող ցուցահանդեսը: Ներկայացված էին տասը իտալացի նկարիչների աշխատանքներ: ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը Aravot.am-ին ասաց, որ իտալացի արվեստագետները իրենց նկարի միջոցով արտահայտել են այն, թե ինչպես են հեռակա կարգով պատկերացնում Հայաստանը. «Կա մի նկարիչ, ով վերցնելով Դանիել Վարուժանի «Հացի երգը» ստեղծագործությունը, դրա հիման վրա ստեղծել է արվեստի գործ: Այն շատ հետաքրքիր երևույթ է»:
Ցուցահանդեսը նվիրված է ՆՓԱԿ-ի 20 ամյակին: Այս տարին կազմակերպիչները հայտարարել են «Ժամանակակից արվեստի տարի Հայաստանում» ու դրա ընթացքում կազմակերպել մի-շարք ցուցահանդեսներ: Մինչ այժմ արդեն մասնակցել են Իրանի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի արվեստագետները:
Ներկայացված աշխատանքները ընտրվել են ցուցահանդեսի համադրողի` Թուրինի ակադեմիայի պրոֆեսոր Մարթինա Քորնիաթիի կողմից: Վերջինս, իմանալով գաղափարի մասին, ասել է. «Ես ինքս կկազմակերպեմ այն»:
Քորնիաթիի կարծիքով, ցուցահանդեսը հնարավորություն ընձեռեց իտալացի արվեստագետներին հեռվից ներկայացնել իրենց պատկերացումները Հայաստանի մասին. «Արվեստագետները տարված են հայկական մշակույթով: Հայկական եկեղեցիները ճանաչելի են համայն աշխարհին, այս ցուցահանդեսին նույնպես կան այդպիսի աշխատանքներ»:
ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին նույնպես մասնակցում էր «Հեռակա զգայունություն» նկարների ցուցահանդեսին: Դեսպանի խոսքով, Իտալիայի ու Հայաստանի միջեւ կապը խորն է ու սա եւս մեկ ապացույց է, իսկ ՆՓԱԿ-ին էլ ցանկանում է նորանոր հաջողություններ:
Ցուցահանդեսը կտեւի մինչ հունիսի 28-ը:
Կարդացեք նաև
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ