Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ է, չի կարելի նման կերպ վարվել». Կարծիքներ փառատոնի վերաբերյալ

Հունիս 12,2012 20:00

 Այսօր  Էրեբունի արգելոց-թանգարանի հարակից հրապարակում արդեն 4-րդ անգամ անցկացվում է «Հացը լեռներում» տոնածիսական կերակուրների փառատոն: Մասնակից 20տաղավարներում ներկայացվեցին հայկական 13 տոների խորհրդանշական ուտեստները: Այդ տոներն են՝ Ամանորի, Սուրբ ծնունդ-Ջրօրհնեքի, Մեծ պասի, Համբարձման, Խաչվերացի, Սուրբ Սարգիսի, Զատիկի, Ծաղկազարդի, Նավասարդի, Բարեկենդանի, Վարդեվառի, Տերընդեզի, Խաղողօրհնեքի խորհրդանշական ուտեստները: Թեեւ փառատոնին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաեւ Հայաստանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնություններին, բայց արձագանքել են միայն հույներն ու ուկրաինացիները, որոնք առանձին տաղավարներով ներկայացնում են իրենց ավանդական ճաշատեսակները:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն այս մասով ասաց, որ մյուսների չմասնակցելու պատճառը, ըստ իրենց տեղեկության` եղել է գումարը. «Պատճառաբանում են, թե չեն կարող մասնակցել փառատոնին, քանի որ այդքան ֆինանս չեն կարող տրամադրել: Իսկ ֆինանսը կապված էր լինելու ընդամենը ուտեստների պատրաստման հետ»,-ասում է նա:

Փառատոնի կազմակերպիչները վստահեցնում են, որ նմանատիպ տոների ընթացքում հաջողվել է վերականգնել զուտ հայկական ճաշատեսակների տասնյակ բաղադրատոմսեր, որոնք բաժանվում են բոլոր ցանկացողներին: Այս գործը ստանձնել է  «Հայ խոհարարական զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպությունը: Փառատոնի նպատակն է նպաստել հայկական ավանդական ուտելիքների պահպանմանը, ինչպես նաեւ` դրանք ներկայացնել ժամանակակից սերնդին:

«Ամեն ինչ շատ լավ է, բացառությամբ մի բանի: Շատ տաղավարներ ուտելիքները հյուրասիրելու փոխարեն հանել են վաճառքի: Ամոթ է, չի կարելի նման կերպ վարվե»լ,-բորբոքված ասում է 63-ամյա Սեդա Պետրոսյանը, ով երկրորդ անգամ է ներկա է գտնվում  փառատոնին:

Հայկական խոհանոցը վերականգնելու եւ ներկայացնելու ընթացքում, ներկայացվում է նաեւ հայկական երգն ու պարը: Փառատոնին իրենց մասնակցությունն ունեցան «Պարենք հայերեն»  երիտասարդական նախաձեռնությունը:

Ի դեպ, Խոհարարների միջազգային օրը Հայաստանում դեռ պաշտոնապես ճանաչված չէ. «Դիմել ենք նախորդ ԱԺ-ին, դիմելու ենք նաեւ նորընտիր ԱԺ-ին՝ հունիսի 12-ը հայ խոհարարների օր հայտարարելու համար»,-ասում է  Սեդրակ Մամուլյանը:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930