Քիչ առաջ Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը հրապարակեց Մաշտոցի պուրակի ակտիվիստ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի գործով դատավճիռը, որը հօգուտ ՀՀ ոստիկանության էր:
Դատարանը որոշեց, որպես վարչական տույժ, Տիգրան Խզմալյանից գանձել 50 հազար դրամ: Կինոռեժիսորի դեմ հայց էր ներկայացրել ՀՀ ոստիկանությունը` նրան մեղադրելով հասարակական կարգի պահպանության ընթացքում ոստիկանների պահանջին չենթարկվելու մեջ: Aravot.am-ի հարցին, թե բողոքարկելո՞ւ է Վարչական դատարանի վճիռը, կինոռեժիսորը ասաց. «Բնականաբար, եւ դա լինելու է կազմակերպված»: Ըստ պարոն Խզմալյանի, դատավարության ընթացքում ինքն այդպես էլ չի ստացել իր հարցի պատասխանը. «Թե ինչպես ոստիկանության` անօրինական կառույցի պաշտպանումը համարվում է օրինական»:
Հիշեցնենք, որ ոստիկանների եւ Մաշտոցի պուրակի ակտիվիստների միջեւ միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին, Մաշտոցի պուրակում, երբ մի խումբ քաղաքացիներ փորձել էին այգու հաշվին կառուցվող կրպակներն ապամոնտաժել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ