Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքում խնամատարությունը որպես ծառայություն չի դիտվում

Հունիս 12,2012 18:37

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Ծովակ, Լուսակունք, Վերին Գետաշեն, Աստղաձոր գյուղերում եւ Գավառ քաղաքում այսօր կա 6 խնամատար ընտանիք: Այս ընտանիքներում մեծանում են 1995-ից 2002 թվականներին ծնված 2 տղա եւ 4 աղջիկ:

Խնամատար ընտանիքները շարունակ գտնվում են հսկողության տակ, հաճախ մարզպետարանի եւ իրավասու համապատասխան մարմինների կողմից կատարվում են անակնկալ այցեր, որոնց ժամանակ պարզվում է, թե խնամատարության պայմաններին ինչպես են հարմարվել նոր ընտանիք ու միջավայր տեղափոխված երեխաները:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Մամիկոն Գալոյանը  «Առավոտի» հետ զրույցում կարեւորեց, որ խնամատարությունը մեր մարզում որպես ծառայություն չի դիտվում:

Ըստ Մամիկոն Գալոյանի՝ Գեղարքունիքի մարզի խնամատար ընտանիքներում երեխաները հիմնականում դարձել են այդ ընտանիքների լիիրավ անդամները, իսկ խնամատարները նրանց համարում են իրենց հարազատ երեխաները՝ չնայելով պետության կողմից տրվող վճարներին, որոնք տատանվում են 50 հազարից  մինչեւ 82 հազար դրամ:

Նույնիսկ 2012 թվականի հունվարից մինչ այժմ այդ ընտանիքները ոչ մի գումար դեռ չեն ստացել: Նույն աղբյուրը հավաստում է նաեւ, որ Գեղարքունիքի մարզի խնամատար ընտանիքներում ապաստանած այն երեխաները, ովքեր ունեն կենսաբանական ծնողներ, շարունակում են պահպանել նրանց հետ կապը:

Մարզի բոլոր այդ ընտանիքներն էլ գնահատված են, եւ որպես լավագույն օրինակներ կարող են ծառայել շատերի համար: Բացի Վերին Գետաշենի եւ Գավառի ընտանիքներից՝ մյուս չորսում խնամատարության տակ վերցված երեխաներն ապրում են այդ ընտանիքների երեխաների հետ:

Գավառ քաղաքում բնակվող խնամատար մայր Ծաղիկ Վարդանյանը խնամատարության ծառայության շրջանակներում պահել եւ մեծացրել է երեք անչափահասների:

Այժմ Ծաղիկի խնամած դուստրը 14 տարեկան է, ով Ծաղիկի տանն ապրում է արդեն 4 տարի:

Եւ ինչպես Ծաղիկն է խոստովանում, Ալլային քույրիկ է ուզում եւ պիտի դիմի Միրա Անտոնյանին՝ նրա թույլտվությամբ փոքրիկ աղջիկ տուն բերելու եւ խնամելու:

Լուսանկարում Ծաղիկն ու Ալլան են, լուսանկարվել են 4 տարի առաջ, երբ Ալլային նոր էր տուն բերել:

 

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930