Լրահոս
Օրվա լրահոսը

Նյու Յորքում եւ Վիեննայում ՀՀ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հայտարարությունները

Հունիս 12,2012 18:29

Օրերս Նյու Յորքում եւ Վիեննայում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարները համապատասխանաբար ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ անդամ երկրներին են տեղեկացրել Հայաստանի հետ սահմանին ու Արցախի հետ շփման գծում ադրբեջանական կողմի ոտնձգությունների ու սանձազերծած դիվերսիոն գործողությունների մասին: Դեսպաններն իրենց հայտարարությունների մեջ, մասնավորապես, նշել են. «Հատկանշական է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ մշտական խորհրդի կողմից 2012թ. Միավորված բյուջեի քննարկումների ժամանակ Ադրբեջանը մերժել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի` բյուջեի ավելացման վերաբերյալ առաջարկը, ինչը կարող էր գործնական հարթակի տեղափոխել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ 2011թ. մարտի Սոչիի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը` ստեղծելու շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննման մեխանիզմ։ Իր հայտարարության մեջ հայկական կողմը շեշտել է, որ մերժելով հետաքննման մեխանիզմի իրականացումը` Ադրբեջանն իր վրա է վերցնում հետագա հրադադարի խախտման եւ դա հետեւանքով եղած զոհերի պատասխանատվությունը:

Դժբախտաբար ադրբեջանական կողմը շարունակում է մերժել վստահության ամրապնդման միջոցների կիրառումը, մասնավորապես, ԵԱՀԿ նախագահության եւ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները` հրադադարի ամրապնդումը, դիպուկահարների հետ քաշումը եւ վերոհիշյալ հետաքննման մեխանիզմը»։

Հայտարարություններում նաեւ նշվում է, որ «Հունիսի 4-ին Երեւանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմից կազմակերպված սադրանքները եւ նշել, որ լարվածության տեղափոխումը, իրավիճակի սրումը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին նշանակալի կերպով խոչընդոտում է բանակցային գործընթացին, ինչպես նաեւ վտանգում տարածաշրջանային անվտանգությունը: Այդպիսի գործողությունների բոլոր հնարավոր հետեւանքների պատասխանատվությունն  ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930