Երեկ Բելգրադում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 26-րդ հանդիպումը, որին նախորդել է կազմակերպության ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով հանդես է եկել ելույթով` նշելով անցած կիսամյակի ընթացքում ՍԾՏՀ-ում Սերբիայի նախագահությամբ սոցիալ-տնտեսական համագործակցության բնագավառներում արձանագրված առաջընթացը եւ դրանում Հայաստանի գործնական դերակատարությունը: Կարեւորվել է ՍԾՏՀ-ի 20-ամյակի նախաշեմին կազմակերպության արդյունավետության հետագա բարելավման, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական նոր օրակարգի ձեւավորման եւ խթանման նշանակությունը:
Հանդիպման ժամանակ դրական գնահատականի է արժանացել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի աշխատանքային խմբի համակարգող երկրի` Հայաստանի գործունեությունը ոլորտում համագործակցությունը խթանելու առումով: Նշվել է, որ ՍԾՏՀ-ի նախագծերի զարգացման հիմնադրամի շրջանակում ընդունվել են հայկական նոր նախագծեր, մասնավորապես, գիտության ու տեխնոլոգիաների եւ մշակույթի բնագավառներում:
Հանդիպման արդյունքում ընդունվել են 80-ից ավելի որոշումներ եւ առաջարկություններ:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Սերբիայից փոխանցվել է Թուրքիային, որը կպաշտոնավարի 2012 թվականի երկրորդ կեսին:
Նույն օրը պատվիրակությունների ղեկավարները մասնակցել են Սերբիայի նորընտիր նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի երդման հանդիսավոր արարողությանը:
Այսօր Աշոտ Հովակիմյանը այցելել է Բելգրադում Հայաստանի պատվավոր հյուպատոսության նորաբաց գրասենյակը:
«Ազատություն» ռադիոկայան