Լրահոս
Օրվա լրահոսը

«Նատալի ֆարմից» տուժած «Սզնին», եթե ԱՄՆ-ում լիներ, կորցրած փողերը ետ կվերադարձնեին

Հունիս 12,2012 17:12

Նախորդ տարի սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանն ակտիվորեն քննադատում էր, որ Հայաստանի տնտեսությունում մենաշնորհը շատ է, ինչի արդյունքում բազմաթիվ գործարարների մուտքը որոշ շուկաներ փակ են: Գործարարը դժգոհել էր, որ օրինակ՝ ցանկություն է ունեցել Ռուսաստանից ցորեն ներկրել, սակայն նրան խորհուրդ են տվել չգնալ այդ քայլին, քանի որ նրան այդ դաշտում աշխատող մենաշնորհ դիրք ունեցողները պարզապես թույլ չեն տա մտնի շուկա:

Պարոն Հովնանյանի այս հայտարարությունից հետո, «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» (07.18.2011) հաղորդաշարի ժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.«Ցորենի ներմուծման հարցում ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ բացարձակապես խնդիր չկա Հայաստան ցորեն ներկրելու գործում, բացարձակապես»:

Վարչապետի պաշտոնական այդ հայտարարությունից հետո, գործարարը փորձե՞լ է, կամ ցանկություն չունի՞ զբաղվել ցորենի ներկրմամբ՝ Aravot.am-ի այս հարցին Վահագն Հովնանյանը վստահեցրեց` ոչ: Իսկ թե ինչո՞ւ, գործարարը նշեց, որ այդ դաշտի կանոններին ծանոթ չէ:

Այսօր Վահագն Հովնանյանն արդեն գովեստի խոսքեր էր ասում կառավարության հասցեին եւ հատկապես շեշտում, որ մենաշնորհն ունեցողներին եւ չարաշահողներին կառավարությունը պատժում է` մեծ տուգանքներ կիրառելով: Aravot.am-ը գործարարից հետաքրքրվեց, թե օրինակ ԱՄՆ-ում հակամրցակցային գործողություններ իրականացնող գործարարին ըստ օրենքի ինչ պատիժ է հասնում եւ արդյոք նման գործողություններից տուժած այլ գործարարներին փոխհատուցում տրվո՞ւմ է, երբ մեր երկրում, օրենքով նման բան սահմանված չէ:

Վահագն Հովնանյանը նախ ասաց, որ ԱՄՆ-ում եթե հակամրցակցային կամ գերիշխող դիրքը չարաշահելու դեպքեր են լինում, ապա տարիներով է քննարկվում, թե ինչպես պատժել, եւ որքան ծավալի տուգանել. «Չեմ գիդեր թե այստեղ ինչու շտապեցուցին»: Ինչ վերաբերում է հակամրցակցային գործողություններից տուժած գործարարին, ապա Վահագն Հովնանյանը հավաստիացրեց, որ ԱՄՆ-ում օրենքներն այնպիսին են, որ տուժվողը կարող է, գործարարի խոսքերով ասած` լեգալ ճանապարհով իր կորցրած գումարները ետ ստանալ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930