Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարար Նալբանդյանի ելույթը և պատասխանները հարցերին ԵԱՀԿ գործող նախագահող Էյմոն Գիլմորի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում

Հունիս 12,2012 16:36

Ուրախ եմ ողջունելու Հայաստանում ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորին:

Չնայած մեր երկու երկրները աշխարհագրորեն մոտ չեն գտնվում, բայց դարերից եկող խորը կապեր են հաստատված եղել մեր ժողովուրդների միջև:

Հայաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը, ամրապնդումը և ընդլայնումը Իռլանդիայի հետ:

Մենք պարոն Գիլմորի հետ բավական արդյունավետ հանդիպում էինք ունեցել անցյալ տարի Դուբլինում և այս այցելության ժամանակ մենք օգտագործեցինք հնարավորությունը քննարկելու համար երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային հարցերի, միջազգային խնդիրների լայն շրջանակ:
Հայաստանը աջակցել է Իռլանդիային որպես ԵԱՀԿ-ի նախագահող ընտրությանը և ես վերահաստատեցի, որ Հայաստանը նպաստելու է բոլոր այն քայլերին, որոնք ձեռնարկվելու է իռլանդական նախագահությունը՝ ուղղված ԵԱՀԿ-ի առավել արդյունավետ և կենսունակ կազմակերպություն դարձնելուն:

Մենք քննարկեցինք Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը կազմակերպության գործունեության երեք հարթություններում:

Անդրադարձանք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, իսկ Իռլանդիայի նախագահության կարևոր առաջնահերթություններից է կայունության ու խաղաղության ամրապնդումը Հարավային Կովկասում, ինչը կարևոր է նաև մեր երկրի համար:

Ես տեղեկացրեցի պարոն Գիլմորին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Մենք համամիտ ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը այլընտրանք գոյություն չունի:

Այս առումով Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշմանը, որոնք արտահայտվել են եռանախագահող երկրների նախագահների մակարդակով l՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում:

Մենք դեռ այսօր հնարավորություն ենք ունենալու շարունակել քննարկումները այլ հարցերի շուրջ:

Սիրով փոխանցում եմ խոսքը պարոն Գիլմորին:

Արմնյուզ հեռուստաընկերություն: Պարոն Նալբանդյան, վերջերս Թուրքիայի արտգործնախարարը հայտարարություն արեց, որում իր մտահոգությունը հայտնեց ադրբեջանցի զինվորների մահվան կապակցությամբ և ասաց, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռնարկած ջանքերին հայկական կողմը չի արձագանքում: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս հայտարարությունը: Շնորհակալություն:

Է. Նալբանդյան: Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այդ հայտարարությունից, թե ինքը մտահոգված է վերջին միջադեպերի արդյունքում միայն ադրբեջանցի զինվորների կորստից, ռասիստական հոտ է գալիս:

Երբևէ չենք լսել իրենից, որ ինքը մտահոգված լինի ադրբեջանցիների սադրանքների արդյունքում հայ զինծառայողների սպանություններով:

Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է այս արյունալի միջադեպերը, եւ ակնհայտ է, թե ով է դրանք կազմակերպել, կոչ է անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից, թուրքական կողմից այս կարգի հայտարարությունները, փաստորեն, խրախուսում են Ադրբեջանի նոր սադրանքները:
Այն ժամանակ, երբ Ադրբեջանը ոչ միայն չի արձագանքում, այլ նաև մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների դիպուկահարների դուրս բերման, հրադադարի ամրապնդման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկները, թուրքական կողմը փորձում է Ադրբեջանի պատասխանատվությունը բարդել այլոց վրա և ձևացնում է, թե իբրև տեղյակ չէ, թե ում պատճառով հնարավոր չեղավ առաջընթաց արձանագրել Կազանում՝ հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության գալու հարցում:

20 տարի առաջ, երբ Հայաստանը դեմ չեղավ Մինսկի խմբում Թուրքիայի ներգրավմանը որպես անդամ, որոշ երկրներ ակնկալում էին, որ Թուրքիան անաչառ կլինի և կնպաստի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Բայց ինչպես 20 տարիները ցույց տվեցին, Թուրքիան ոչ միայն անաչառ չէ, ոչ միայն չեզոք չէ, այլ նաև իր դիրքորոշմամբ վնաս է հասցնում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին:

Հարց է առաջանում. արդյոք համատեղելի է Թուրքիայի նմանատիպ կեցվածքը Մինսկի խմբի անդամ լինելու հետ:

Արմենպրես գործակալություն, հարցս ուղղված է պարոն Գիլմորին: Պարոն Գիլմոր, շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին միջադեպերը հատկապես ակտիվացան այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրեթե շանտաժի գնով հասավ նրան, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմը չկայացավ: Արդյո՞ք հանձնառություն ստանձնում է Իռլանդիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում անել ամեն ինչ, որպեսզի այդ միջադեպերի հետաքննության մեխանիզմը կայանա:

Արդյո՞ք պատրաստ է գնալ մինչև վերջ այս հարցում, չնայած Ադրբեջանի շանտաժին:

Է. Նալբանդյան: Ես կցանկանայի հավելել, որ Հայաստանը կողմ է եղել և մնում այս մեխանիզմի ստեղծմանը և ի տարբերություն Ադրբեջանի, երբ որ մենք ինչ-որ բանի մասին պայմանավորվում ենք, հաջորդ օրը մենք հետ չենք կանգնում:

Ես հիշեցնեմ, որ մեխանիզմի ստեղծման վերաբերյալ համապատասխան դրույթներ են պարունակվում համապատասխան հայտարարությունների մեջ, որոնք արվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարություններում, որոնք արվել էին Սոչիում թե 2011թ. մարտին և թե 2012թ. հունվարին: Մենք հարգում ենք այդ պայմանավորվածությունները և կողմ ենք մեխանիզմի ստեղծմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930