Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շնորհակալ եմ Դվինն անուշադրության մատնելու համար

Հունիս 12,2012 16:12

Ինչ լավ է, որ մարդիկ, հատկապես արտասահմանցի հյուրեր, Դվինի ավերակներ համարյա չեն այցելում ու նրա թանգարանի կավե ամանների մեջ չեն նայում, ինչի համար , չգիտեմ ու՞մ պիտի շնորհակալություն հայտնել:

Լավ է , որովհետեւ արտասահմանցի զբոսաշրջիկը հաստատ մտնելու է ծածկը թափվող Դվինի թանգարան ու նայելու է այդ կավե ամանների մեջ:

Լավ է , որովհետեւ այցելուն Դվինի խեղճ ու կրակ տեսքից ոչ միայն չի ընկալի նրա վարչաքաղաքական ու տնտեսական նշանակությունը՝ որպես Արմենիա կուսակալության կենտրոն, որը ժամանակին իր մեջ ներառել է Վրաստանն ու Աղվանքը, այլեւ կհանդիպի մի ամայի, փուշ ու տատասկով ծածկված տեղավայրի, որտեղ տեղադրված ցուցատախտակը միայն կհուշի, որ տարածքը ժամանակին եղել է արևելքի նշանավոր քաղաքներից:

Նրանից ներքեւ, մի տատիկ խաչերով շրջապատված անկյունում լեկցիա կկարդա ձեր ու ձեր հյուրերի գլխին , թե այստեղ է Խոր Վիրապն ու «Վիրապի» ծննդավայրը: Դե արի ու այս բոլորը թարգմանի արտասահմանցի հյուրերիդ համար:

Հետո ի՞նչ , որ Հռոմը բացել է իր դռները հայոց մայրաքաղաք Դվինին նվիրված ցուցահանդեսի առաջ ու չի էլ փակում՝ երեք ցուցասրահներում ներկայացնելով Դվինի հարուստ պատմամշակութային, ճարտարապետական, տնտեսական եւ հոգեւոր արժեքները:

Ի՞նչ անենք, որ իտալական քաղաքում խոսում են հայկական քաղաքակրթության մասին, իսկ Հայաստանում շատերը չգիտեն անգամ հայոց հնագույն մայրաքաղաքի ավերակների մասին:

Կրակն ենք ընկե՞լ, որ Դվինը իտալացիների ասելով հայկական մայրաքաղաք է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ:

Դե հիմա արի ու անլեզու բերան արտասահմանցի հյուրերին հասկացրու , որ մեր պատկան մարմինները կարեւոր գործերով են զբաղված եւ ժամանակ չունեն Դվին այցելող հյուրերի ճամփան մաքրել փշերից ու աթարից:

Դե արի ու հասկացրու, որ ունենք Երեւանի կենտրոն, որ աշխարհը չունի, մեկ էլ՝ Գառնի ու Գեղարդ՝ գնացեք ուզածներիդ չափ ֆռֆռացեք ու նոր ծախսեր մի բացեք հայոց բազմազբաղ պետության համար:

Դե արի ու բացատրի, որ ծածկը թափվող թանգարան մտնելը վնասակար է առողջությանը:

Ամեն դեպքում շնորհակալ եմ, որ ամեն ինչ արվել է, որպեսզի Դվինը անուշադրության մատնվի, որպեսզի ինձ նման հայեր անհարմար դրության չմատնվեն, երբ արտասահմանցի հյուրերը թանգարանի կավե ամանների մեջ հայտնաբերում են բուռ –բուռ «բիչոկներ» :

Այստեղ պետք է մի կարեւոր փաստ եւս արձանագրեմ : Թանգարանի պահակ ասեմ ,պատասխանտու ասեմ, ի՞նչ , ի՞նչ ասեմ մուննաթը երեսից ծորացող , շաքարից էլ քաղցր մարդուն, որը թույլ չտվեց նկարել կավե ամաններն ու նրա միջի «բիչոկները», որի համար նույնպես շնորհակալ եմ նրանից :

Հակառակ դեպքում մի պահ պատկերացրեք՝ Իտալիայի Նավոնա հրապարակի վրա գտնվող «Բրասկի թանգարանում» «Դվին` հայկական մայրաքաղաք Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» ցուցահանդեսում հանկարծ հայտնված մի քանի լուսանկար՝ հայոց հնագույն մայրաքաղաքին պատկանող կավե ամաններ՝ մեջները բուռ -բուռ «բիչոկ»:

Հիմա պատկան մարմինները կասեն՝ Դվինի ավերակներն ու նրա թանգարանը պատշաճ ներկայացնելու զահլա չկա:Ավելի լավ է զբաղվենք Թուրքիայի տարածքում գտնվող Հայոց հնագույն մայրաքաղաք Անիի հարցերով, որն անմխիթար վիճակում է հայտնվել ու խաթարվում է նրա կերպարը:

ճիշտ եք: Անին շատ ավելի կարեւոր է , բայց խոստացեք , որ Դվինի ավերակներին էլ մի օր հաստատ ուշադրություն կդարձնեք: Խոստացեք, որ մի օր անպայման Դվինը փուշ ու տատասկից ու աթարից մաքրելու վերաբերյալ որոշում կկայացնեք:

Խոստացեք, որ մի գեղեցիկ օր, թանգարանի ծածկն ու ջարդված պատուհանները կփոխեք … Իսկ մինչ այդ խնդրում եմ մի կարեւոր հրաման արձակեք՝ ծխելը խստիվ արգելված է Դվինի թանգարանում եւ հատկապես արգելված է IV–IX դարերի խեցեգործության հազվագյուտ նմուշների մեջ պապիրոս հանգցնելը:

Հուսով եմ հրամանը շատ չի ուշանա ու մենք պարտավոր չենք լինի այս անգամ ներողություն խնդրել Դվինից՝ ուշացման համար:

ԺՈՐԺ ՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930