Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ում տարաձայնություններն այսպես են բացատրում. «Վառ անհատականություններ են, ամեն մեկն ունի իր տեսակետները»

Հունիս 12,2012 16:04

Ճի՞շտ է, որ Երեւանի ավագանու մանդատների հարցով Դուք պահանջել եք «Հանրապետություն» կուսակցությանը՝ վայր դնելու մանդատները: Այսօր այս հարցին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հրավիրած ասուլիսում պատասխանեց. «Չէ, մենք ոչ մի բան չենք պահանջել, մենք այս կապակցությամբ ոչ մի որոշում չունենք: Ես հնչեցրել եմ դա ուղղակի՝ որպես մի գաղափար, որն արժանի է քննարկման, բայց դեռեւս չենք քննարկել այդ հարցը, որովհետեւ կան ավելի առաջնային հարցեր: Երբ առաջնահերթությունը գա այդ հարցի, միգուցե դա էլ քննարկենք»:

Լրագրողները պարբերաբար փորձում էին ճշտել, թե ինչպե՞ս է, որ Հրանտ Բագրատյանը կարող է կողմ քվեարկել կառավարության ծրագրին, Դուք ասում եք, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու: Aravot.am-ի դիտարկմանը, որ սա առաջին դեպքը չէ, որ Հրանտ Բագրատյանը այլ կարծիք է հայտնում, Դուք, ի դեմս Կոնգրեսի՝ այլ՝ պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Հավատացեք, սա առաջին դեպքը չէ, որ ես էլ մի փոքր այլ կարծիք եմ հայտնում, քան մեծամասնությունը, ինչը մեզ մոտ ընդհանրապես շատ ընդունված պրակտիկա է: Վառ անհատականություններ են, ամեն մեկը իր տեսակետները, իր մոտեցումներն ունի, եւ շատ բնական է, որ շատ հարցերում կարող են այդ կարծիքները չհամընկնել: Միշտ ունենում ենք այդ առողջ բանավեճերը, ես էլ եմ ուրախ լինում, որ բանավիճող է հանդիպում, իմ խոսքերը հղկվում են, կարող է մերժվել»: Մեր դիտարկմանը, որ ասում էին՝ ՀԱԿ-ում մաֆիա է գործում եւ փորձիր հակառակ կարծիք հայտնել՝ խնդիրներ կունենաս՝ պարոն Զուրաբյանը այսպես արձագանքեց. «Մեկ այլ ուժ բերեք որպես ապացույց, որտեղ այդքան այլընտրանքային, այլակարծիք կարծիքներ են հնչում, այն էլ՝ հրապարակայնորեն: Գիտե՞ք այդպիսի ուժ»:

Հաշվի առնելով, որ «Հանրապետություն» կուսակցության եւ «Հայաստանի լիբերալ» կուսակցության հեռանալուց հետո Կոնգրեսում կրքերը այսպես ասած՝ թեժացան, Պետրոս Մակեյանն էլ հայտնեց իր դժգոհությունները, որ մանդատների հարցը չի քննարկվել կոնգրեսում, ԲՀԿ-ի հետ համագործակցության հետ կապված որոշակի դժգոհություններ կային, ուստի մենք նաեւ հետաքրքրվեցիք՝ հիմա այդ ներքին խնդիրները, տարաձայնությունները ՀԱԿ-ի ներսում հարթվե՞լ են: Լեւոն Զուրաբյանը պաշտոնապես հայտարարեց. «ՀԱԿ-ում մթնոլորտը թեժացել է 2008-ի օգոստոսի 1-ից սկսած: Այն օրվանից սկսած, երբ ստեղծվել է Կոնգրեսը: Այդ օրվանից մենք ունենք շատ թեժ մթնոլորտ, որովհետեւ քաղխորհրդի ամեն նիստը լուրջ բանավեճ է, ճշմարիտ ռազմավարությունների փնտրտուք: 4 տարի է՝ այս վիճակում ենք, գնահատեք նաեւ Կոնգրեսի սառնասրտությունը՝ այդ հարցում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930