Aravot.am-ն այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջությունը, որովհետեւ չարախոսները պարբերաբար շահարկում են այս թեման: «Հոյակապ,-պատասխանեց նա՝ ավելացնելով,- իր առողջական վիճակը հատկապես լավ է այգեգործության ժամանակաշրջանում: Ինքը հրաշալի այգեգործ է, հիմա զբաղված է այդ աշխատանքով, որը իրեն մեծ բավականություն է պատճառում,շատ լավ է ազդում իր ֆիզիկական վիճակի վրա, բայց հույսեր չփայփայեք, միտինգում գալու եւ ունենալու է շատ լուրջ ելույթ»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր, որ մեկ հավաքական թեկնածու եթե լինի՝ նախագահական ընտրությունների համար, հնարավոր է՝ համախմբվեն այլ ուժերի հետ: Այս առնչությամբ մեր հարցին՝ այդ սցենարը որքանո՞վ է հավանական՝ պարոն Զուրաբյանը պատասխանեց, որ հնարավոր է համախմբվի ամբողջ ընդդիմությունը եւ միասնական թեկնածու ներկայացնի. «Այդ թեկնածուի ամենաիրատեսական եւ կոնսոդիլացնող տարբերակը ես տեսնում եմ՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի»: Մեր դիտարկմանը, որ «Ժառանգությունը», մասնավորապես՝ Արմեն Մարտիրոսյանը համարում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խարիզմատիկ թեկնածու չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է խարիզմատիկ թեկնածու՝ ՀԱԿ համակարգողը պատասխանեց. «Թող համարեն: Եթե այդպես էին համարում՝ ինչո՞ւ 2008 -ին աջակցեցին ոչ խարիզմատիկ թեկնածուի»: Մենք փոխացեցինք պարոն Մարտիրոսյանի խոսքն ամբողջությամբ, ըստ որի, այն ժամանակ խարիզմատիկ թեկնածու էր, հիմա՝ ոչ: Ի պատասխան՝ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Այսինքն՝ նրանց կարծիքով խարիզման մի հատկանիշ է, որը գնում-գալի՞ս է, հա՞: Ուրեմն իրենք չեն հասկանում խարիզման ինչ է նշանակում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ