Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հորդառատ անձրեւների եւ Վաչագան գետի Սյունիքի մարզկենտրոնին հասցրած վնասը կազմում է 56 մլն դրամ

Հունիս 12,2012 15:44

Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը, Կապանի Վաչագան գետի վարարման պատճառով քաղաքում եղած ավերածությունների եւ դրա հետեւանքով քաղաքային տնտեսությանը եւ հարակից Մելիք Ստեփանյան ու Գարեգին Նժդեհի փողոցների բնակչությանը հասցրած վնասների չափը 55 մլն դրամից ավելի է կազմում: Վաչագան գետի վարարման հետեւանքով Կապանում ստեղծված արտակարգ իրավիճակի մասին անդրադարձել էինք «Առավոտի» նախորդ թողարկումներում:

Կապանի քաղաքապետարանում դեռ շարունակվում են բնակիչների կողմից իրենց սեփականությանը` այգիներին, կամուրջներին, պտղատու ծառերին հասցված վնասների վերաբերյալ դիմումներ ստանալ: Բացի Վաչագան գետի վարարումից տուժած 2 թաղամասերից, նույն օրերին հորդառատ անձրեւից ու սելավներից տուժել է նաեւ Կապանի Համլետավան թաղամասի բնակչությունը: «Կապանի քաղաքապետի որոշմամբ, դեռեւս 2011 թվականի ստեղծված արտակարգ իրավիճակների եւ հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման համար, արագ արձագանքնման նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից տեղերում գնահատվել է իրադրությունը, կատարվել համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է, որ Կապանի թաղամասերում հասցված վնասի չափը ընդհանուր կազմում է մոտ 56 մլն դրամ: Հորդառատ անձրեւի եւ գետի վարարման հետեւանքով հենապատեր են փլվել, այգիներ են փչացել, հողեր են քշվել, ծառեր արմատախիլ եղել եւ այլն: Մեր կատարած հաշվառման հիման վրա, վնասի չափերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել ենք մարզպետարան` կառավարության միջոցներից օգնության ցուցաբերման նպատակով», – տեղեկացնում է Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանը:

Պատասխանատուների հավաստմամբ` Կապանի համայնքային բյուջեն հնարավորություն չունի փոխհատուցելու տուժած բնակիչներին: Այժմ տարբերակներ են մշակվել եւ նախագծման աշխատանքներ են իրականացվում գետի վարարման հետեւանքների վերականգնման ուղղությամբ: Նախատեսվում է կառուցել 2 մ 20 սմ երկարությամբ հենապատ Վաչագան գետի ձախափնյա հատվածում` Գարեգին Նժդեհի համալիրի մոտակա կամուրջից մինչեւ Կապանի բժշկական կենտրոնի հարեւանությամբ գտնվող կամուրջը` մոտ 900 մ երկարությամբ, մայթի կառուցում, նախատեսվում է նաեւ գետի բերվածքների մաքրում, 3-4 հետիոտն կամուրջի կառուցում, լուսավորության ապահովում, ճաղաշարերի տեղադրում, իսկ գետի հունի լայնությունը պետք է կազմի 10-12 մ: «Նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել են: Մոտ 200 մլն դրամ գումար է անհրաժեշտ վերականգնման աշխատանքների համար: Արգելում են բնակիչների նախաձեռնությամբ կամուրջների կառուցումը, քանի որ յուրաքանչյուր կամուրջ արգելք է հանդիսանում գետի համար: Մեր կողմից ընդամենը կկառուցվի 3-4 կամուրջ, որից կօգտվեն անհատական տների բնակիչները:

Դեռեւս 1989-90-ական թվականներին նախատեսված էր Վաչագան գետի ձախափնյա Գարեգին Նժդեհի անհատական տներից բաղկացած թաղամասում, բնակելի 5 հարկանի շենքերից շվեյցարական տիպի բնակավայր կառուցել: Նախագիծը պատրաստ էր, բայց հասարակարգը փոխվեց եւ այդպես էլ կառուցապատման աշխատանքները չիրականացվեցին», – նշում է Կապանի քաղաքաշինության բաժնի պետը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930