ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ լինելու է ԱԺ-ում Վլադիմիր Կարապետյանի ներկայացուցիչը, որը իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով դրել էր թիվ 2 ընտրատարածքում ու չէր հաղթել: Այսօր Aravot.am-ը պարոն Զուրաբյանի հրավիրած ասուլիսում նրանից հետաքրքրվեց՝ Վլադիմիր Կարապետյանը հնարավո՞ր է, որ նեղացած է, վիրավորված է, եւ Դուք այդ քայլով նրան հիասթափությունից հանելու ժեստ եք անում՝ նա պատասխանեց. «Բացարձակ: Դուք ամեն տեղ փնտրում եք մի բացասական բան: Հակառակը, Վլադիմիր Կարապետյանը իմ լավ ընկերն է, ինքը հաղթել է ըստ էության: Մենք իր հետ պայմանավորվել ենք: Այդ հարցը քննարկել ենք նաեւ Մանուել Գասպարյանի հետ, կարող ենք նույն բանը իր հետ որոշել: Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են որպես պատգամավոր աշխատել իրենց ընտրատարածքներում, ես այդ մարդկանց հետ պատրաստ եմ նույն փոխհամաձայնության գալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ