ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կողմնակից է, որ դիմորդները հեշտ ընդունվեն բուհեր եւ դժվար ավարտեն: Նա չի «կիսում» այն տեսակետը, թե բուհերը շահագրգիռ են, որ շատ ուսանողություն ունենան, վարձավճարներ գանձեն ու որեւէ մեկն էլ դուրս չմնա: «Դա ճշմարտության մի մասն է միայն: Իսկ հաջորդ մասն այն է, որ մենք, այսօր մեր բուհերից մի կողմից ակնկալում ենք որակի կտրուկ փոփոխություն, մյուս կողմից ֆինանսական համապատասխան ներարկումներ չենք կատարում եւ սոցիալական բեռի տակ ենք դնում»,- փաստեց նախարարը ու տեղեկացրեց, որ առաջիկայում պետությունը կփորձարկի բուհական ազատությունների մոդելը՝ Ագրարային համալսարանի վրա:
Aravot.am-ը հետաքրքրվեց, կա՞ վիճակագրություն, թե դիցուք նախորդ տարի քանի ուսանող է դուրս մնացել բուհերից: Նախարարն ասաց, որ նրանց թիվը 2 կիսամյակների արդյունքներով շուրջ 1500 է:
Նաեւ նշեց. «Եթե մինչ անցյալ տարի ուսանողն ունենում էր անբավարար գնահատական, քննության ժամանակ վերջին լիկվիդից հետո դուրս էր մնում, ինչն առաջացնում էր անհասկանալի կոռուպցիոն գործողություններ եւ ռիսկեր: Այժմ մենք արեցինք այն , ինչն ընդունված է արեւմտյան համալսարանական մոդելում՝ պարտքերի թույլատրելիի շեմ ենք սահմանել: Այս տարի հունվարից այդ մոդելը գործում է. եթե ուսանողը զինապարտ չէ, չունի բանակի հետ կապված խնդիրներ, կարող է ունենալ համապատասխան թվով կրեդիտների պարտք՝ 5 տարվա ընթացքում, բայց փոխադրվել հաջորդ կուրս: Ճիշտ է, դա դժվարացնում է իր ուսումնառության գործընթացը հաջորդ կուրսում, բայց մյուս կողմից, մենք այդ ուսանողին այլեւս չենք չլում՝ նախարարություն, ծանոթ-բարեկամ, դիմում, ռեկտոր եւ այլն»:
Aravot.am-ի դիտարկմանը, թե բարեփոխումը նախընտրական ենթատեքստ ուներ, նախարարն այսպես պատասխանեց. «Բոլոր լավ գործերը արվում են ամբողջ տարիների ընթացքում, երբեմն դրանք համընկնում են նախընտրական տարիների հետ, երբեմն էլ չեն համընկնում»:
Կարդացեք նաև
Ծրագրվում է առաջիկայում մշակել հայկական առցանց քննությունների մոդել, որի համար ԿԳ նախարարությունը շահել է Համաշխարհային բանկի գրանտը: Այն հնարավորություն կտա իրականացնել online սերտիֆիկացված օբյեկտիվ քննություններ եւ էլ ավելի թեթեւացնել գործընթացը: « TOEFL-ի հայկական անալոգ ենք ուզում»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ