Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նշեց, որ իրենք չեն լինելու կլասիկ ընդդիմություն կամ խորհրդարանական ուժ. «Եթե Հայաստանում անցնեին ազատ եւ արդար ընտրություններ, մենք կունենայինք առնվազն 40-50 պատգամավոր՝ պառլամենտում»: Այդ դեպքում, ըստ Զուրաբյանի, հիմնական պայքարը կշարունակվեր պառլամենտում, բայց քանի որ ազատ ընտրություններ չեն անցել, իրենք զուգորդելու են խորհրդարանական պայքարը հանրահավաքային պայքարով:
Երեկ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԱԺ-ի գործող նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, եւ քննարկել ԵԽԽՎ պատվիրակության նույն կազմն ուղարկելու հարցը. «Փաստորեն, ԵԽԽՎ-ի ամառվա սեսիային ուղարկվելու է նույն պատվիրակությունը, որը կազմվել է հին պատվիրակության կազմից, հաշվի առնված չեն նոր ընտրությունների արդյունքները: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ նման քայլ կատարելը թույլատրված է՝ համաձայն կանոնակարգի մասին օրենքի, որ ինքը իրավունք ունի ընտրություններից հետո 6 ամիս այդպես վարվելու: Մենք համարում ենք, որ նախ նման իրավունքը մեզ համար տարօրինակ է, որ ամրագրված է օրենքում, անգամ եթե ամրագրված լիներ, ինքը պետք է շարժվեր՝ համաձայն տրամաբանության: Կազմվեր նոր կազմ, նոր պատվիրակություն: Դա չանելը նշանակում է, որ նորից վախենում են, որ Կոնգրեսի ձայնը հասնի ԵԽԽՎ: Մենք պահանջում ենք, որ այս իրողությունն անմիջապես փոխվի»:
Պարոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ի հանձնաժողովներում իրենք արդեն իրավունք ունեն ունենալ իրենց մարդկանց. «Լիցենզավորման դասընթացների համար ներկայացրել ենք մոտ 2000 մարդ: Սա լրացուցիչ միջոց է՝ պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության դեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև