Զանգվածային արտագաղթի պատճառով Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գյուղերը դատարկվում են, ամայանում, շատ գյուղերում էլ մնացել են միայն ծերերը: Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում նման մտահոգություն հայտնեցին հրապարակախոս Բակուր Կարապետյանը, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանը`առաջարկելով հայկական գյուղերի փրկության ծրագիր: Այդ առիթով ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ սփյուռքի հասարակական կազմակերպություններին, գործարարներին ու գործիչներին կոչ է անում` «կոնկրետ գործով նպաստել» վերականգնելու սահմանամերձ բնակավայրերը:
Բակուր Կարապետյանի խոսքերով, գյուղական բնակավայրերից աշխատուժի համատարած արտագաղթի պատճառը աշխատատեղերի ու եկամտի աղբյուրի բացակայությունն է:
Այդ հանգամանքը հաշվի առնելով, նախաձեռնող խմբի անդամներն առաջարկում են «ժողովրդի համար առաջին հերթին սեփական աշխատանքով ապրուստի հնարավորություն ստեղծել», ինչը կարող են անել Սփյուռքի, Ռուսաստանի եւ հայաստանցի ներդրողները. «Տվյալ համայնքը պետք է իր հնարավորության սահմաններում պայմանագրով իրեն կցված բնակավայրում կամ գյուղական ենթաշրջանում, ըստ տեղի ռեսուրսների, համայնքի հետ համագործակցելով՝ հիմնի համապատասխան արտադրություններ, որից կունենա իր շահույթը: Ստեղծվեն մսի, կաթի, կաշվի, բրդի, մորթու, մրգի, պտուղ-բանջարեղենի ընդունման կետեր ու վերամշակող արտադրություններ»:
Գյուղի փրկիչների համոզմամբ, այս ծրագրի մաս կարող են կազմել կալանավայրերի` հասարակության համար վտանգ չներկայացնող կալանավորներին իրենց ընտանիքներով սահմանամերձ բնակավայրեր տեղափոխելը: Խմբի անդամների հաշվարկներով, 4 կալանավորներից 1-ը հասարակության համար վտանգ չի ներկայացնում:
Aravot.am-ի հարցին, թե խումբը հարկային մարմիններին առաջարկե՞լ է օրենքներում փոփոխություններ կատարել, որոնք արտոնություններ ու մեղմացուցիչ պայմաններ կստեղծեն ներդրողների համար, քանի որ բիզնեսի զարգացման առաջին խոչընդոտը մեր երկրում բարձր հարկուտուրքերն են, Բակուր Կարապետյանի պատասխանը տեսանյութում.
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ