ԼՂՀ պահեստային մայոր, ԼՂՀ Մարտական Խաչ 2-րդ աստիճանի ասպետ` Պավել Մանուկյանը կասկածներ ունի, որ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին ուղիղ 19 տարի առաջ այս օրը սպանեցին, ոչ թե զոհվեց: Այսօր «Երկու երես» ակումբում ասուլիսի ժամանակ նա մարտական ընկերոջ մահը խիստ առեղծվածային որակեց. «Այդ ժամանակվա Հայաստանի իշխանությունները խորհրդակցության են հրավիրում ղարաբաղյան թեւին ու պարտադրում են Քելբաջարը հետ տալ: Աբսուրդ, իշխանությունը, որը Ղարաբաղ գոռալով, եկել էր գահին, հիմա պարտադրում էր Քելբաջարը հետ տալ: Այսինքն Մոնթեի նահատակությունը շատ խիստ շաղկապված էր հենց այդ օրվա հետ, որովհետեւ Մոնթեն չէր հանդուրժելու, թույլ չէր տալու , նա նույնիսկ տանկերը կմտցներ Երեւան եւ թույլ չէր տա, որ մի թիզ հող անգամ զիջվեր: Այդ օրվա իշխանությունների դավադիր կեցվածքը շարունակվեց հունիսի 14-ին: Հունիսի 12-ին նահատակվեց, հունիսի 14-ին Լեւոն Տեր Պետրոսյանն առաջին անգամ ոտք է դնում Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ու պահանջ դնում, որ ցանկացած գնով Քելբաջարը հետ պետք է տալ: Մոնթեն հաստատ շանսատակ էր անելու, Մոնթեն ստիպված եղավ կյանքով հատուցել» :
Պարոն Մանուկյանի համար, Մոնթեն օրինակելի ընկեր էր, նա սակավապահանջ ու քչակեր եւ հայրենապաշտ անձնավորություն էր .«Ինձ համար ցավալի է, որ այսօր շատ հերոսների ոսկորներ ուղղակի շպրտված են , այսինքն, եթե դու չես սիրում քո հերոսին, ի՞նչ է լինելու, թշնամին քո հերոսին դարձնելու է ավազակ: Եթե վաղը չկարողանանք այս հերոսին էլ տեր կանգնել, նրանք կներկայացնեն ավազակ »:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պահեստային մայոր չի լինում…