Տարիներ շարունակ միասնական քննությունների կազմակերպման ընթացքում որպես լիազորներ հանդես են եկել նաեւ ԿԳ նախարարության աշխատակիցները, ինչը լրացուցիչ գումար վաստակելու միջոց էր: Արմեն Աշոտյանը, ԿԳ նախարար դառնալուց հետո, արգելել է գերատեսչության աշխատակիցներին լիազորներ լինել քննակենտրոններում:
Aravot.am-ը այսօր ԿԳ նախարարից հետաքրքրվեց՝ ի՞նչն է դրա պատճառը, մի՞թե չի վստահում իր աշխատակիցներին:
«Արդեն 3-րդ տարին է, ինչ ԿԳ նախարարությունը քննությունների կազմակերպման եւ անցկացման լիազոր մարմին չէ, որովհետեւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) մեր գերատեսչական ենթակայության տակ չէ: Բայց կարող եմ խոստովանել, որ այդ մոդելն իրեն ամբողջությամբ արդարացնում է, որովհետեւ ե՛ւ ԳԹԿ-ի անկախության աստիճանն է բավարար, եւ նախարարության խնայված ժամանակը՝ մեծ»,-պատասխանեց Արմեն Աշոտյանը:
Նա նաեւ հավելեց. «Հիշո՞ւմ եք՝ տարիներ շարունակ ոչ միայն հասարակությունն էր ապրում ընդունելության քննություններով, այլ նաեւ լիրազոր մարմինը : 2-2,5 ամիս ներգրավված լինելով այս գործընթացի մեջ՝ նախարարությունը հնարավորություն չուներ իրացնելու իր բուն գործառույթը՝ քաղաքականության մշակման, վերահսկողության եւ այլն: Այսօր, ես որպես նախարար, կարող եմ ձեզ խոստովանել, որ նախարարությունը ունի այդ ժամանակը ամռանը նույն ջանասիրությամբ եւ ծավալով աշխատելու այնպես, ինչպես տարվա մյուս եղանակներին: Ուղղակի դա էր պատճառը, որ ես թույլ չեմ տվել նախարարության աշխատակիցները ներգրավված լինեն, որպես օժանդակ աշխատողներ եւ լիազորներ: Մենք պետք է զբաղվենք մեր գործով, ԳԹԿ-ն՝ իր, եւ յուրաքանչյուրս իր գործը պետք է անի շատ լավ»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ