Այսօր «Ազդակ» ակումբի հյուրերն էին երգչուհի Էմմին եւ ֆրանսահայ երգիչ, երգահան, պրոդյուսեր Եսայի Ալթունյանը, ովքեր խոսեցին իրենց համագործակցության արդյունքում ծնված «Էրեբունի-Երեւան» երգի տեսահոլովակից: Էմմին եւ Եսային ծանոթացել էին Հանրային հեռուստաընկերության «Մենք ու մենք» ծրագրի ընթացքում, երբ հանդես էին եկել «Էրեբունի-Երեւան» համատեղ կատարմամբ: «Շատ սիրուն ձայն ունի Էմմին, համագործակցության առաջարկը եղել է իմ կողմից: Կարծում եմ՝ երկուսիս ձայները համահունչ են իրար, այդ իսկ պատճառով որոշեցինք չսահմանափակվել «Մենք ու մենքով»,-ասաց Ե. Ալթունյանը: Խոսելով «Էրեբունի-Երեւանից»՝ Էմմին նշեց, որ երգը մշտապես արժեւորվել է հայ ժողովրդի կողմից որպես հիմն. «Այն միշտ եղել է, այսպես ասած, չափի մեջ, սակայն մեր կատարումն ավելի ազատ է ու բաց, հետեւաբար՝ հանդիսատեսի համար սկզբնական շրջանում կարող է անսովոր լինել»: Հարցի շուրջ Եսային նշեց, որ երգը հնչել է մոդեռն ոճով, սակայն այլ երկրների մարդկանց նույնպես պետք է հասանելի լինի հայերի մշակույթը եւ էմոցիան. «Միշտ լսել եմ, որ ասում են, թե հայերը մեղկ են, բայց այդպես չէ: Հայերի աչքերը միշտ էլ փայլում են, մենք ամեն ինչ էլ ունենք: Տատիկս շատ է սիրել այս երգը, եւ կարծում եմ՝ վերեւից ուրախանում է այն բանի համար, որ «Էրեբունի-Երեւանը» հասանելի կլինի նաեւ օտար ազգերին»;
Նշենք, որ Եսայու գործիքավորմամբ երգը ձայնագրվել է եւ Ֆրանսիայում, եւ Հայաստանում, իսկ նկարահանման աշխատանքներն ընթացել են Երեւանի տեսարժան վայրերում. «Այս երգով ցանկացել եմ նվեր անել Հայաստանին, իսկ այդ ընթացքում Էմմին իմ փոքրիկ քույրը դարձավ: Հետագա համագործակցությունը չի բացառվում»,-ասաց Ալթունյանը: «Մի քանի ամիս տեւած նկարահանումների ընթացքում, երբ Եսայուն հարցնում էինք՝ Եսայի, սոված չե՞ս, նա պատասխանում էր՝ ոչ, ինձ սնում է երաժշտությունը»,-հավելեց Էմմին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ