Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքիայի հայտարարություններից ֆաշիզմի հոտ է գալիս

Հունիս 12,2012 14:18

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ նախարար Էեմոն Գիլմորը Հայաստան այցելությունից հետո շաբաթվա վերջին կայցելի նաև Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Գիլմորը հայտարարեց, թե իրենք մտահոգված են և հատուկ ուշադրություն են դարձնում ԼՂՀ կարգավորման գործընթացին: Սակայն, ինչպես հայտնի է, Է. Գիլմորը ԼՂՀ չի այցելելու: Ուստի այն հարցին՝ ինչու նա չի այցելելու ԼՂՀ՝ անձամբ իրավիճակին ծանոթանալու, ԵԱՀԿ գործող նախագահը պատասխանեց. «Արդեն գոյություն ունի մեխանիզմ՝ ըստ որի առաջ են ընթանում հարաբերությունների թնջուկի լուծմանն ուղղված գործընթացները: Խոսքը Մինսկի խմբի համանախագահների մասին է: Իսկ ես սատարում եմ այդ գործընթացին: Այստեղ խոսքը տարածքային անձեռնմխելիության, ուժի կիրառությունից ձեռնպահ մնալու, ինքնորոշման իրավունքի մասին սկզբունքներին է վերաբերում: Մենք չենք կարող լուծում հորինել, բայց կարող ենք օգնել ու սատարել համանախագահներին»: ՀՀ ԱԳ նախարարն էլ անդրադարձավ թուրքական կողմի ցավակցություններին` շփման գծում միջադեպերի հետեւանքով ադրբեջանցի զինծառայողների մահվան կապակցությամբ: Նա նշեց. «Այս ամենից ֆաշիստական հոտ է գալիս: Երբևէ չենք լսել, որ Թուրքիան մտահոգված լինի Ադրբեջանի սադրանքների արդյունքում հայ զինծառայողների սպանություններից, այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է արյունալին միջադեպերը և կոչ անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառությունից: Այս հայտարությունները Թուրքիայի կողմից խրախուսում են Ադրբեջանի նոր սադրանքներ: Այն դեպքում, երբ Ադրբեջանը մերժում է Մինսկի խմբի եռանախագահների սկզբունքները, թուրքական կողմը փորձում է ադրբեջանական պատասխանատվությունը բարդել այլոց վրա և ձևացնում, թե իբր տեղյակ չէ: Ինչպես վերջին 20  տարիները ցույց տվեցին, Թուրքիան ոչ միայն չեզոք և անաչառ չէ, այլև վնաս է հասցնում ԼՂՀ կարգավորման գործընթացին: Հարց է բարձրանում, թե ինչքանով է համահունչ Թուրքիայի մոտեցումները Մինսկի խմբի սկզբունքներին»: Երբ խոսք գնաց շփման գծում միջադեպերի հետաքննության մասին, պարոն Նալբանդյանը հիշեցրեց, որ ի տարբերություն Ադրբեջանի, երբ Հայաստանն ինչ-որ բանի մասին պայմանավորվածություն է ձեռք բերում, հաջորդ օրը հետ չի կանգնում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930