Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Մասնագիտություններ ունենք, որոնք գոյություն չունեն աշխատաշուկայում

Հունիս 12,2012 14:08

Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ բոլոր այն դիմորդները, ովքեր կունենան նվազագույն հնարավորություն՝ հաղթահարելու թեստային առաջադրաքները, անպայման կընդունվեն բուհեր:

Aravot.am-ի հարցին՝ իսկ Հայաստանի Հանրապետությանը պե՞տք են այդքան ուսանողներ, որոնք պոտենցիալ գործազուրկներ են, արդյոք հաշվի՞ են առնված աշխատաշուկայի պահանջները, նախարարը պատասխանեց, որ  ըստ Մրցունակության համաշխարհային զեկույցի, բարձրագույն կրթություն ունեցողների ցուցանիշով  Հայաստանն անցյալ տարի շոշափելի առաջընթաց է ապրել, եւ եթե գերզարգացած երկրներում այդ թիվը 50 տոկոս է, եվրոպական երկրներում 40 տոկոս էր, ապա Հայաստանում՝  36-37 տոկոս: Այս ամենի հետ մեկտեղ նախարարը շեշտեց. «Դեռ ցանկալիից հեռու է կապը բարձրագույն կրթական ծառայությունների եւ աշխատաշուկայի միջեւ, կան իհարկե տեղաշարժեր, մասնագիտույթյուններ, ֆակուլտետներ եւ բուհեր, որտեղ հստակ երեւում է իրենց ուղղորդվածությունը դեպի աշխատաշուկա»: Նա նաեւ հավելեց, որ ներկայումս վերանայվում է բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկը եւ  մինչեւ նոյեմբեր նպատակ կա վերամշակել եւ փոփոխել այն. «Թե չէ՝ այսօր ունենք մասնագիտություններ, որոնց գծով  ոչ միայն պահանջարկ չկա, այլեւ դրանք ընդհանրապես գոյություն չունեն աշխատաշուկայում… Կյանքը շարունակվում է, առաջ են գալիս նոր մասնագիտացումներ, որոնց սպասարկման համար պետք է ծառայեցնել կրթական ծառայությունները: Ունենք Համաշխարհային բանկի  ծրագիր, համապատասխան անալիտիկ զեկույց է պատրաստվում կրթություն-աշխատաշուկա կապի հետ կապված: Կարծում եմ՝ ամենակարճ ճանապարհը գործատուի ներգրավումն է կրթության ոլորտի մեջ: Եթե կարողանանք այսօր մեր 1000  խոշոր հարկատուներին խնդրել, որ յուրաքանչյուրը հստակ կապվի ու մերձենա ուսումնական հաստատության ընթացիկ առօրյա աշխատանքի մեջ , թելադրի եւ օգնի մեզ՝ ձեւավորել կրթական բովանդակությունը, պատկերն այլ կլինի: Ի դեպ, ՏՀՏ եւ բանկային կրթության ոլորտում կան նման գործատուներ: Եվ բոլոր այն տեղերում, որտեղ գործատուն բուհի կողքին է, կրթության որակն ավելի  բարձր է»,-ասաց նախարարը՝պատասխանելով Aravot.am-ի հարցին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930