Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց` մանյակի դեմ. սկեսուրը ստիպել է հարսին՝ հետ տվածն ուտել, արյունն էլ վրայից խմել (Տեսանյութ)

Հունիս 12,2012 14:04

 «Մարիամս ուզողներ շատ ուներ, խաբին-տարան, մենք էլ չիմացանք ում տվինք: Ես զանգեցի աղջկաս ծնունդը շնորհավորելու… ծնունդիցս հետո խորովածի շշով սկսավ ծնունդս շնորհավորել: Ասում է` լավ ծեծեց ինձ, արյունոտեց, արյունը տեսավ` հանգստացավ: Ինքն էլ նստավ ամուսնու հետ նարդի խաղացավ` ոնց որ մի քիչ առաջ կատարածը էդ կինը չէր եղել»,- այսօր նախագահական նստավայրի մոտ արցունքն աչքերին պատմում էր սկեսուրի կողմից դաժանաբար ծեծի ենթարկված Մարիամ Գեւորգյանի հայրը` Համազասպ Գեւորգյանը:

Ցույցի եկել էին Արարատի մարզի Տափերական գյուղի ողջ բնակիչները: Դատարանը որոշել է դռնփակ անցկացնել դատավարությունը, ինչը հարուցել է նրանց դժգոհությունը: Հայրը նախագահին էր դիմում. «Մի ծնող էլ Սերժ Սարգսյանն է, թող պահանջի, որ դատավորը արդար ձեւով քննի գործը: Պետական գաղտնի՞ք է, ի՞նչ է որ փակ են անում  նիստը, թող բաց անեն, որ ժողովուրդն իմանա` հայ ազգի մեջ սենց դաժան մարդիկ կան: Ինքը աղջիկ չունի` հասկացանք, բա մայր չի՞: 4 հոգի տանը տղամարդ է եղել, չի՞ տեսել տղամարդը` իրա ծնողն ի՞նչ է անում, մի բերան չեն ասել` մեր, էս ի՞նչ ես անում: Հիմա էլ տղան գլուխ է գովում` դահլիճից մորս վերցնելու եմ տանեմ: Ինչի՞ վրա է էդքան վստահ, իրա մոր արած գործերի վրա, թե ինչ` չեմ իմանում: Լավ տղա էիր` կնոջդ լավ նայեիր: Ասում են` էնքան փող ունենք` փողը կտանք` կազատվենք: Խի փողո՞վ է ամեն ինչ, բա մեր օրենքն ո՞ւր մնաց: Բա դատավորի, դատախազի երեխուն սենց անեին` էս ձեւով կդատեի՞ն»:

Թե ինչ պատիժ պետք է սահմանվի աղջկան դաժան ծեծելու, խոշտանգելու համար` Մարիամի հայրը նույնիսկ դժվարացավ ասել` նշելով, որ մարդը մարդուն չի պատժի, թող զղջան իրենց արածի համար: Համագյուղացիները համաձայն չէին` պահանջում էին խստագույն պատիժ. «Ի՞նչ զղջալ, էս երեխուն տանեն եփեն, վառեն, բերեն տան մեր ձեռը, հիմա էլ սիրուն ասեն` մորս ազատո՞ւմ եմ»: Տափերականցիները նշում էին, որ իրենք էլ աղջիկ ունեն` դրանց նմանները պետք է պատժվեն, որ իրենց երեխաների գլխին էլ նույնը չգա»: Հարեւանները չէին կարողանում առանց արցունքի խոսել Մարիամի մասին. «Մարիամը մեր աչքի առաջ մեծացած երեխա է, մենք իրենցից լավից բացի ոչինչ չենք տեսել: Իրանք շատ հանգիստ, համեստ, գյուղում հարգված ընտանիք են: Սենց դաժանություն մենք չենք պատկերացնում, թուրքից վերան են, մանյակները, մարդասպանները: Երբ Մարիամին բերեցին` խիղճդ չէր տանում տեսնել, աչքերս փակում` դուրս էի գալիս»:

Հոր խոսքերով` «Ինձ թվում է` կամ խանդից է արել, կամ հակում ունի` արյան նկատմամբ: Ծեծում է, արյունը տեսնում` հանգստանում է: Ասում է` ինձ կանգնեցնում էր տան անկյունը` ամբողջ օրը նարդի էր խաղում: Իրա սիրտը ո՞նց է տարել: Ամուսնուն ասում ա` մամադ ինձ ծեծում է, ասել է` լավ ա անում, քեզ դաստիարակում ա, բա դա տղո՞ւ պատասխան է: Գալիս էին մեր տուն` աղջկաս ձեռի թխած տորթն էին  ուտում, մազերն էր ֆենում` ասում էր` ինչ լավ, ինչ շնորքով աղջիկ է: Գնաց այնտեղ` վատ դառա՞վ: Վատն էր` թող հետ ուղարկեին, ոչ թե դնեին կրծքերը վառեին, պատառաքաղով ծակծկեին: Մազերը քաշել է` կաշիախառը հանել մազերը, հետ է տվել, հետ տվածը ստիպել է ուտել, ստիպել է իր արյունը խմել, իր կեղտը ուտել է ստիպել»:

Հիմա Մարիամի սկեսուրը կալանավորված է, ամուսինը համաներմամբ բաց է թողնված: Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչը նշեց, որ «Նախաքննության մարմնի դեմ էլ մենք բողոք ունենք, դատաբժշկական փորձաքննության հետ կապված, ավելի  մեղմացած է մեղադրանքը: Մինչեւ հիմա հետքերը բացահայտ երեւում են, ձեռքերը կոտրված, ոչինչ չկա դրա մասին: Փակ դատավարությունը խոսում է, որ արդարության մասը քիչ է, հակառակ դեպքում չէին խուսափի բաց դատավարությունից: Ի՞նչն է խանգարում, երբ տուժող կողմը` Մարիամ Գեւորգյանը համաձայն է, որ բաց դատավարություն լինի, մյուս տուժողը կարող է փակ անել, եթե չի ուզում: Զարուհու դեպքում էլ չէր լինի խստագույն պատիժը, ասենք, չէր լինի 10 տարի, կլիներ 7 տարի»:

Տուժող կողմը պահանջում է նաեւ, որ այնպիսի փոխհատուցում Մարիամը ստանա, որ ապաքինվի եւ ֆիզիկապես, առողջապես եւ հոգեպես: Թեեւ Մարիամն ասաց, որ վիրավորանքը, ցավը, հիշողությունները երբեք չեն ջնջվի: Մարիամը մեզ հետ զրույցում պատմեց, որ նախաքննության ընթացքում ամուսնու մորաքույրները սկսել են համոզել, որ չդիմի իրավապահ մարմիններին, Մարիամը տեղի չի տվել. «Որովհետեւ ինքը ինձ չխղճաց այդ ամենում: Ինձ ասում էին` մենք ամեն ինչ կանենք, բժշկական ծախսերը կփոխհատուցենք, իրենց քեռու տղան է հանդիպել, ասեց` ինչ-որ պետք է մենք կանենք, մենակ մի բողոքի: Այն, ինչ տեսել եմ` ամբողջ կյանքիս ընթացքում չեմ մոռանա»:

Մեր հարցին` դռնփակ դատական նիստն անցկացնելու որոշումը հնարավո՞ր է կոռուպցիայի արդյունք լինել` Մարիամը խուսափեց պատասխանել, բայց Կանանց աջակցման կենտրոնի գնահատմամբ` այդպես էլ ենթադրվում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930