Լրահոս
Օրվա լրահոսը

Ծափահարություններ կորզեք ոչ թե «դերասանության», այլ նվագի համար

Հունիս 12,2012 13:53

Արամ Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի նախագահ Էդուարդ Թադեւոսյանի խորհուրդը՝ երիտասարդ կոլեգաներին

Ժամանակին «Առավոտի» հետ զրուցած ճանաչված երաժիշտներից շատերը, այդ թվում՝ արտերկրյա, կարծիք էին հայտնում, թե 20-րդ դարի համաշխարհային երաժշտության պատմությունը թերի կլիներ առանց հանճարեղ Արամ Խաչատրյանի եւ նրա անվան մրցույթի, որն անց է կացվում 2003 թվականից՝ յուրաքանչյուր տարի հունիսի 6-13-ը՝ Երեւանում:

Ի սկզբանե մրցույթը նախատեսված էր բացահայտել շնորհալի երիտասարդ երաժիշտների՝ 3 մասնագիտություններով. դաշնամուր, ջութակ, թավջութակ, սակայն 2011-ից մասնակցության իրավունք ընձեռվեց նաեւ կոմպոզիտորներին:

Այս տարի մրցելույթի է դուրս եկել 28 ջութակահար՝ 17 երկրից, եւ եզրափակիչ փուլ է անցել ընդամենը 5 կատարող՝ Քրեֆթ Ջուանա Էմիլիան (Լեհաստան), Պավել Միլյուկովը (Ռուսաստան), Ֆյոդոր Ռուդինը (Ֆրանսիա), Դայչի Նակամուրան եւ Այակո Թանաբեն (Ճապոնիա): Այս մասին «Առավոտին» հայտնեց ժյուրիի նախագահ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանը: Նա ժյուրիի աշխատանքներում ընդգրկված իր 6 կոլեգաներին ներկայացնելով՝ նշեց, որ նրանցից 3-ը՝ Տանյա Դոռնը (Գերմանիա), Հարալդ Հերցլը (Ավստրիա) եւ Բորիս Կուշնիրը (Ավստրիա), ի տարբերություն Կարեն Հարությունյանի (Բելգիա), Իգոր Պետրուշեւսկու (Մեծ Բրիտանիա) եւ Սերգեյ Կրավչենկոյի (Ռուսաստան), այս մրցույթին մասնակցում են առաջին անգամ: Դիտարկմանը, թե ժյուրին դաժան չի՞ գտնվել՝ 28 մասնակցից միայն 5-ին եզրափակչի «ուղեգիր» տալով, մեր զրուցակիցը նախ նշեց, որ ժյուրին ոչ թե դաժան է վարվել, այլ՝ խիստ, հետո էլ ավելացրեց. «2010թ. մասնակցում էին ընդամենը 15 ջութակահար՝ 8 երկրից: Այս տարի քանակի եւ որակի իմաստով մրցույթը պարզապես ռեկորդակիր է: Մրցույթին հետեւող մասնագետներն ու երաժշտասերները կհաստատեն, որ մասնակիցների որակական սանդղակը աննկարագրելի բարձր է»: Պարոն Թադեւոսյանն ասաց, որ եզրափակիչ անցած 5 մասնակցից 3-ի պրոֆեսորները ժյուրիի անդամ չեն, ինչը հազվադեպ է լինում միջազգային նման մրցույթներում:

Չի՞ կարծում, որ հայ երիտասարդ երաժիշտներն ու հատկապես ունկնդիրը, գուցե, կարծիքը փոխեն հարուստ ավանդույթներ ունեցող հայկական ջութակի դպրոցի մասին, քանի որ հայ երաժիշտներից որեւէ մեկը եզրափակչում չէ, պրոֆեսորը պատասխանեց. «Պատրաստված ունկնդրի ու, բնականաբար, երիտասարդ երաժիշտների մոտ այդ հարցը չի էլ ծագի: Ընդհակառակը, սա խոսում է ժյուրիի անաչառության մասին (Էդ. Թադեւոսյանի դասարանից մրցույթին մասնակցում էր 3 ջութակահար): Իսկ հայաստանցի ու արտերկրից մասնակից մեր հայրենակիցները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից եւ այլն, առաջին երկու փուլերին հիանալի ելույթ ունեցան: Սակայն մրցույթը մնում է մրցույթ: Մյուս կողմից՝ գիտեմ մրցույթներ, որոնց ավարտից հետո երաժիշտները սեփական անհաջողությունները իրենց երկրում արդարացնում են՝ նշելով, թե, օրինակ, ժյուրիի նախագահի ուսանողը, բնականաբար, պետք է դառնար դափնեկիր եւ այլն»:

Հետաքրքրությանը, թե ժյուրիի աշխատանքներին ինչո՞ւ չի մասնակցում Տանյա Դոռնը, Էդ. Թադեւոսյանը հայտնեց, որ նման աշխատաոճ կա, փաստելով, որ դեռեւս իր ուսանողական տարիներին, օրինակ, Բելգիայում անցկացվող հեղինակավոր՝ Էլիզաբեթ թագուհու անվան մրցույթին 3-րդ փուլից էին ժյուրիի աշխատանքներին միանում Օյստրայխը կամ Կոգանը, որոնց նպատակն էր հետագայում զբաղվել աչքի ընկած երաժշտի կարիերայով. «Ինչ վերաբերում է տիկին Դոռնին, նա հանդիսանում է IMG Artists-ի Գերմանիայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի դիրիժորների եւ գործիքավորողների բաժնի համատնօրեն: Նա ունի սեփական գործակալություն, որի հիմնումից հետո՝ 2007-ից է միացել IMG Artists-ին: Աշխատանքային կենսագրությունում Դոռնը ունեցել է երիտասարդ կատարողներին բացահայտող շուրջ 50 մենահամերգ»:

Զրույցի ավարտին ճանաչված ջութակահարից խնդրեցինք խոսք ուղղել երիտասարդ գործընկերներին: «Երաժշտությունը բարդ նյութ է: Մեր ուսանողությանը կուզեի ասել, որ զգույշ մոտենան դրան, բեմում չտրվեն արտաքին էֆեկտներին: Ծափահարությունների արժանանան ոչ թե «դերասանության», այլ նվագի, երաժշտության բովանդակության համար»,- ասաց Էդուարդ Թադեւոսյանը:

Խաչատրյանական 8-րդ միջազգային մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը կկայանա հունիսի 13-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930