Կամ՝ «Դու հպարտ չես, իմ հայրենիք»
Մայիսի վեցից հետո դժվար էր խոսելը, ավելի ճիշտ՝ անիմաստ։ Ու շատերը լռեցին, լռեցին աղաղակող լռությամբ. լռեցին նրանք, որոնք արդեն կարկատել էին իրենց առաջիկա հինգ տարին` կարկատել ասֆալտով, ու էդ կարկատան- մազութը սև ու խուլ ծանրությամբ այլևս տարածվել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով՝ իջնելով յուրաքանչյուր քաղաքացու ուսերին՝ իբրև ընտրություն, իբրև ճակատագիր, իբրև ապագա, իբրև գետնաքարշ գոյություն։ Նրանք չեն տրտնջա, ոչ էլ իրավունք ունեն տրտնջալու` նրանք ընտրել են իրենց բաժին մազութը։
Չեն տրտնջա նաև նրանք, ովքեր հոծ ու կազմակերպված շարքերով` անձնագրերը ձեռքներին, ճշմարիտ ու բնական լինելու չափ անթաքույց, գյուղապետարանների առջև շարքի կանգնած ընտրակաշառք էին ստանում, որոշները պահանջում` ճիշտ այնպես, ինչպես վաստակած թոշակը կստանային։
Կլռեն նաև նրանք, որոնց լռությունը գին ու հատուցում ունի՝ կերակրատաշտից ինչ-որ պատառ, տարբեր բարձրության ու որակի աթոռներ, մանր-մունր ծառայություններ և, իհարկե, կոչումներ (հաճախ անհետագիծ ու տարակուսելի վաստակի համար)։
Կարդացեք նաև
Լռեցին նաև միջազգային դիտորդները, որոնք ընտրություններից երկու օր առաջ եկան Հայաստան և հորթային, իսկ գուցեև կանխորոշված անտեղյակությամբ, վավերացրին քաղաքակրթական ու քաղաքական պղծության այս խաղի կանոնները: Իսկ, եթե անկեղծ, նրանք վաղուց են հոգնել մեր գզվռտուքներից ու իրենց նվազագույն զամբյուղի մեջ կարող են գոհանալ Գառնի-Գեղարդ-Էջմիածնով ու իշխանով։ Դե, իսկ մենք հարմար առիթը բաց չէինք թողնի հիշեցնելու, որ առաջին քրիստոնյաներն ենք, որ մեր գրատպությունը 500 տարեկան է ու էսպիսի բաներ… ոչինչ, որ անբարոյականությունը վաղուց լցվել է մեր տները ու գիրք կարդացողներին էլ գրախանութների պես մատների վրա կհաշվես։
Լռեցին նաև այն քաղաքական ՙռոմանտիկները՚, ովքեր իրենց ու շատերին համոզեցին, թե իրենց արածը սոսկ ինքնաապահովագրում ու աթոռաիշխանական կռիվ չէ, այն էլ հինգ տարվա հորիզոնով, և ի վիճակի են գայլերի հետ ոչխարների անվտանգությունն ապահովել՝ որդեգրելով նույնքան քստմնելի՝ կեղտը կեղտով մաքրելու ՙարվեստը՚։
Հետընտրական լռության մեջ նաև վերելակամիջանցքային ափսոսանք- գնահատականներ հնչեցին։ Այո, Հայաստանում, հատկապես քաղաքական միջավայրում, ՙտղամարդկանց՚ մի տեսակ է բուծվել, որոնց անկեղծ լինելու սահմանն ու աշխարհագրությունը վերելակներից, միջանցքներից ու քեֆի սեղաններից այնկողմ չի անցնում։ Որոշներն, իսկապես, անկեղծ էին, պարտված, անճարակ ու ազնիվ` բաց վերքի ցավով։ Բայց արգահատելի ցինկներն ավելի շատ էին՝ հատկապես նրանք, որ իշխանության կամ իշխանությանը մերձ լինելու համար ոչնչի առջև չէին կանգնել. այդ ճանապարհին նրանց հենարանն ու զինակիցը քրեական հեղինակություններն էին, հայաթի խուժանը, բազմակի օգտագործման հայրենի մտավորականության էլիտար տեսակը և, իհարկե, իրեն 10-15000 դրամ գնահատած Հայաստանի Հանրապետության “քաղաքացին”։
Ես իսկապես չգիտեմ, թե ով հաղթեց։ Այս բազմակողմ գործարք-լռության մեջ պարտության ու մեղքի ճնշող աղմուկ կա ու բեռ՝ բոլոր բոլորի ուսերին ու հատկապես Հայաստանի Հանրապետության կենսագրության վրա իջնող։ Ու ես կարեկցում եմ բոլորիս. Մեր հավաքական խղճի վրա վերքեր են ծանրացել, չսպիացող վերքեր։ Մտքումս դարերի մեջ կենսունակ, մեր պատմության մեջ երբեք բացակա չստացող ”Ավերակացս ո՞նց թագավորեմ” հարցն է ու Վահան Տերյանի նույնքան էլ ապրող հարյուրամյա քառատողը՝ ՙԴու հպարտ չես, իմ հայրենիք,
Խեղճությունըդ խավար ու լուռ,
Աղոթքներըդ դառն ու ցավոտ,
Զանգակներիդ զարկը տխուր
Եվ խուղերիդ լույսերն աղոտ…՚։
Իսկ մայիսի 28-ին քանի-քանիսը բաժակ բարձրացրին, կամ էլ առանց բաժակի, խոսեցին ու ճառեցին հայրենասիրության, անկախ պետության գաղափարի, հաղթանակելու կամքի, մեր ազատատենչ ոգու, մեր կերպի, արդարության, հզորացող հայրենիքի, մշակութային ժառանգության, Ավարայրի, Սարդարապատի, Նժդեհի ու էս կարգի վսեմ-վսեմ բաների մասին, բայց իրականում ոչնչի առջև չկանգնեցին մոռթելու անկախության գաղափարը, ջարդելու պետականության ողնաշարը, նվաստացնելու նրա քաղաքացուն։ Թերի, հիվանդ, գետնաքարշ, քծնող, դավադիր, անտեր… դեպի հետ ու դեպի հետ….
Որտե՞ղ է մեր նահանջի սահմանը, ինձ տանջում է այս հարցը։ Ինչո՞ւ ենք մենակ, մոլորված թողնում հայ մարդուն։ Ինչու՞ ենք մեր սխալներն ուրիշի խաղի առավելություն դարձնում՝ պարարտ հող տալով, որ մեր արթնացող, իր և մեկ ուրիշ հայի իրավունքի համար պայքարող քաղաքացուն տեր կանգնի ու խրախուսի օտարը։ Ուզում եմ, շատ եմ ուզում հավատալ օտարի սրտացավությանն ու անկեղծությանը։ Ես իհարկե կհավատայի, եթե նույն խանդավառությամբ չխրախուսվեր նաև այդ նույն քաղաքացուն ու նրա իրավունքը երեք ամիս շարունակ արհամարհող իշխանությունը։ Չէ՛, դու հպարտ չես իմ հայրենիք։
Մեզ առատորեն մատուցված սուտը դարձել է վավերական ու խեղդող։ Կեղծ անգիտությամբ հեշտ է ապրել՝ գրեթե անմեղսունակ, անպատասխանատու, բայց հաստատ` ոչ հպարտ։
Շարունակ փորձել եմ հանրությանը խնայել, մտածել եմ քաղաքական մարդու կողմից հասարակությանը մեղադրելը մեղք է, անիմացություն։ Բայց նրանք, ովքեր ուզում են, կարող են տեսնել, նրանք, ովքեր ուզում են, կարող են ճանաչել ճշմարտությունը, որովհետև ճշմարտությունը մեզանից յուրաքանչյուրի, Հայաստանի ապագան է, Հայաստանի հպարտությունը։ Իսկապես, չեմ ուզում, որ ինձ-մեզ շարունակ հետապնդի Տերյանի տողը։ Հայրենիքիս խեղճությունը վիրավորում է ինձ, խոցում արժանապատվությունս։ Ես գիտեմ նաև, որ անբարոյականության ու ստի թանձրագիծ վանդակներից դուրս, ագրեսիվ ու խուլ զանգվածի կողքին ապրում և շարունակում է ապրել ազատ մտածող, արթուն, հեռանկարը չփակող արժանապատիվ հայը։ Այնուամենայնիվ կա այլընտրանքի տեսակը, որին պետք է գնահատել, պետք է արժևորել, չթողնել որ մոլորվի։ Մենք նրա հետ խոսելու, նրա ձեռքը բռնելու, նրա օազիսի և թթվածնի տարածքները մեծացնելու խնդիր ունենք։ Մեր տերն էլ, ծառան էլ մեր մեջ պիտի փնտրենք։
Ընտրությունների, ճգնաժամերի, կեղծ ու չկեղծ ընդդիմությունների, գնացող- եկող կառավարությունների, գրեթե սովորական դարձած ինքնասպանությունների, անտարբերության արանքներում պատերազմը երկարել է ու մենք կորցրել ենք զգոնությունը։ Այգեպարի ու Չինարի գույժը սթափեցնում է մեզ. կորուստների ու վշտի մեջ կարողացել և կարողանում ենք միասին լինել։ Մենք կարողացել ենք մեր հաղթանակն էլ, խաղաղությունն էլ պարտադրել հակառակորդին։
Իսկ մենք պարտավոր էինք զգոն ու արթուն լինել ոչ միայն սահմանին, այլև սահմանից ներս, որովհետև խաղաղության մեր պարտադրանքը սկսում է ներքին սահմանի ամրությունից։ Ամրություն, որն անկարելի է կառուցել ստի ու անբարոյականության վրա։ Բայց նախ պիտի փոխվելու, նույնն է թե փրկվելու ուժ ու կամք ունենանք։ Ու չմոռանաք, որ անբարոյականությունը կործանեց Անին։
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ