Լրահոս
Օրվա լրահոսը

«Նատալի ֆարմին» տուգանեցին Եվրամիությա՞ն «խաթեր»

Հունիս 12,2012 13:42

 Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ հարուցեց

Երեկ «Նատալի ֆարմ» ընկերության՝ 50 միլիոն դրամ տուգանվելու լուրն ամենից շատ ուրախացրել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանին, քանի որ ըստ նրա՝ «Նատալի ֆարմի» հակամրցակցային գործողությունից տուժած «Սզնի» ընկերության եւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի հետեւողական պայքարից հետո միայն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գործն ուսումնասիրեց եւ վարույթ հարուցեց: Հիշեցնենք նաեւ, որ «Սզնի» ընկերության տնօրեն Գառնիկ Սահակյանը նույնպես «Ժառանգություն» կուսակցությունից է՝ կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավարն է:

«Նատալի ֆարմի» տուգանվելու առնչությամբ Ստյոպա Սաֆարյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սա ավելին է, քան 50 մլն դրամի տուգանքը, որ պետք է մուծվի պետական բյուջե: Սա այն փոքր ու միջին բիզնեսին փրկելու մասին է, որոնք սնանկացման վտանգի տակ էին հայտնվել խոշորների հակամրցակցային վարքագծերի պատճառով…»:

«Սզնի» ընկերությանը, սակայն, տուգանքը չի ուրախացրել, քանի որ դրանից նրա կրած վնասները չեն փոխհատուցվելու: Եթե Սամվել Ալեքսանյանն իր «Նատալի ֆարմով» շարունակելու է իր բիզնեսը, ապա «Սզնին» այլեւս չի աշխատի: Aravot.am-ի հետ զրույցում ընկերության ղեկավար Գառնիկ Սահակյանն ասաց. «Ես փող չունեմ, կործանված եմ, մի դեղատուն ունեմ՝ օրվա հացի փող է տալիս, ի՞նչ բիզնես»: Սամվել Ալեքսանյանից տուժած գործարարը մեզ հետ զրույցում պնդեց, որ իր խոսքերը բառ առ բառ հրապարակենք, քանի որ, ըստ նրա, ինքն այլեւս կորցնելու ոչինչ չունի. «Ես զզվում եմ այս նախագահից, սա պատուհաս դարձավ այս ժողովրդի գլխին: Զզվո՛ւմ եմ, զզզզվո՛ւմ եմ, այդպես էլ գրեք, թող գան անկողնու մեջ ձեռքերս կանդալեն՝ տանեն: Սա չի փոխվի, Սերժ Սարգսյանն այնքան է խրված տնտեսական կրիմինալի մեջ, ուրիշ թիմ չունի, նրա թիմը գողերի ու հանցագործների թիմ է: Եթե սկսի իր թիմից կամաց քշել դրանց, մենակ է մնալու: Վերցրեք Ազգային ժողովն ու իրեն սատարող ուժերը՝ բոլորը տնտեսական կրիմինալի մեջ խրված են… ընդհանուր կերակրատաշտի, էն խոզի լափամանի շուրջ միավորված, բյուջեի լափամանի շուրջ միավորված թիմ են դրանք: Կոչ եմ անում բոլոր տնտեսվարողներին՝ ոչ ոքին չհավատալ ու չդիմել ո՛չ դատական համակարգին, ո՛չ դատախազությանը, ո՛չ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, ո՛չ էլ վարչապետին»:

Aravot.am-ը Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի այս կապակցությամբ, արդյոք Հանրապետական «Նատալի ֆարմ» ընկերությանը տուգանելը ՀՀԿ-ի կարգախոսի՝ «Հավատանք, որ փոխվենք»-ի իրականացման սկի՞զբն է, թե՞ ժողովրդի «աչքին թոզ փչելու» նման մի բան, հատկապես, որ վերջերս Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փակ շուկայի» շուրջ մեծ դժգոհություններ են առաջացել: Ստյոպա Սաֆարյանի խոսքերով. «Ես ոչ կարող եմ հերքել այն, ինչ ասացիք, ոչ էլ կարող եմ հաստատել: Բայց մի բան ակնհայտ է՝ այս վերջին ամիսներին մենք բազմաթիվ անգամ հանձնաժողովին ասել ենք՝ պատճառաբանում էիք, որ թույլ եք, չեք կարողանում վերահսկել, օրենքների փոփոխությամբ ուժեղացրինք ձեզ: Հետո հիշեցրինք, որ վարույթ ունեն, պիտի շարունակեն, մանավանդ՝ վարույթի նյութերն անխոցելի էին: Կարծես թե ՏՄՊՊՀ-ն հապաղելու եւ ձգձգելու տեղ չուներ: Բացի այդ, մի մոռացեք, որ Հայաստանը Եվրամիության հետ բանակցելու փուլում է գտնվում, եւ որքան էլ չխոստովանեն Հայաստանի իշխանությունները, Հայաստանի շուկայի անազատության, մաքսային, հարկային եւ այլ վարչարարությունների մասին լուրջ դժգոհությունները Եվրամիությունը միշտ մեզ հիշեցնում է: Մի մոռացեք եվրոպականացման գործիքների ազդեցությունը Հայաստանի վրա, եւ մի օր այս ամենը պիտի տեղի ունենար, մի օր ՀՀԿ-ն եւ իշխանությունը պիտի գիտակցեն, որ այսպես չի կարող շարունակվել: Մի կողմից՝ չեն կարող արտաքին քաղաքական եւ ֆինանսական աջակցություն ունենալ, մյուս կողմից՝ այս վիճակն էլ հղի էր անկանխատեսելի հետեւանքներով, եւ ճիշտ պահն էր օրենքը կիրառելու»:

Մեր այն դիտարկմանն էլ՝ փաստորեն հավատացին ու գոնե այս պահին փոխվեցին, պարոն Սաֆարյանն ասաց. «Գոնե ցույց տվեցին, որ ինչ-որ բան, եթե ուզում են, կարող են անել: Ցավալի է, որ շատ հարցերում հապաղում են օրենքը կիրառել»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930