Լրահոս
Օրվա լրահոսը

Հեքիաթային արձակուրդն ու «կախարդական» կիսաշրջազգեստը

Հունիս 12,2012 13:44

«Անցյալ  տարի ամռանն  էր` հունիսի  12-ին: Ամբողջ  գիշեր  քննության  էի պատրաստվում:  Վերջինն  էր  ու  շատ  էի  ուզում`  նախորդ  երեքի  նման  բարձր  ստանայի,  բայց…»

Մանեն երկրորդ  կուրսում  էր  սովորում  ու,  ինչպես  ինքն  է  հպարտությամբ  նշում,  չի  հիշում,  որ   որևէ  քննության  անպատրաստ  ներկայացած  լիներ. «Մինչև  այդ  օրը,  ինչ էլ  որ  լիներ,  չէր  կարող  շեղել  ինձ  դասերից,  հատկապես ամռանը`  քննական   այս   մեկ  ամսվա  ընթացքում»:

Ասում  են. « Երբեք  մի  ասա՝  երբեք»,- ասում է Մանեն: Այն,  ինչ  պատահեց  այդ  օրը,  այն  էլ  գիշերվա  այդ  ժամին,  Մանեին  ոչ  միայն   դասերից  ու  քննություններից  շեղեց,  այլև  կտրեց  իրականությունից,  աշխարհից  ու  նույնիսկ  իրեն`  իրենից:

Մեկ  տարի  առաջ,  երթուղայինում  մի  տղա  իր  տեղը  Մանեին   էր  զիջել  ու  այնպես  էր  ստացվել,  որ  երկուսն  էլ  նույն  կանգառում  էին  իջել: Տղան  երկար  ժամանակ  հետևել  էր    աղջկան,  բայց,  վերջին  պահին  կորցրել   նրան`  այդպես  էլ  չիմանալով   որտե՞ղ  է  ապրում: Մանեն  երբևէ  այդ  մասին  չէր  էլ  իմանա,  եթե  ուղիղ  մեկ  տարի  տղան  չփնտրեր  ու  կրկին  երթուղայինում,  չգտներ  նրան:

«Նորից  դեմ- դիմաց  էինք  նստած:  Չեմ  հիշում՝  ինչպե՞ս  ստացվեց`  երկու- երեք  վայրկյանով  նայեցի  նրան… երեք  վայրկյան,  երդվում  եմ,  բայց  հիմա,  հիմա   մի  ամբողջ  հավերժություն  կարող  եմ  ապրել  այդ   ակնթարթով»:

Երկուսն  էլ  դասի  էին  շտապում: Հետո  ամեն ինչ  փոխվեց.  Մանեն`  չէր  ուզում  իջնել  երթուղայինից,  իսկ  տղան` Արսենը,  անհամբեր  սպասում  էր`  երբ  էին  իջնելու, որ վերջապես  ծանոթանային  ու  գոնե աղջկա  անունն  իմանար:

Բայց  այդ  անգամ  էլ  ոչինչ  չստացվեց.  համալսարանում Արսենին  ասացին,  որ  Մանեն  ընկեր  ունի: Չհավատաց ու  որոշեց  անձամբ պարզել դա: Չէր  երևում  աղջկա    աչքին,  չէր մոտենոմ, բայց  միշտ  հետևում  էր` մինչև   որոշեց  այլևս  չսպասել:

«Գիշերը  ժամը  երկուսն  էր, զանգ  ստացա: Սովորաբար  անծանոթ  համարներին  չէի պատասխանում,  այն  էլ  այդ   ժամին: Բայց  այդ  պահին,  չգիտեմ  էլ , թե  ինչու,  մի  կողմ  դրեցի  գրքերս   ու   պատասխանեցի…»,- Պատմում Է Մանեն:

Փոխանակ  պատմելու` ով  էր  ու  ինչ  խոսեցին` Մանեն   սկսեց  լաց  լինել  ու  անընդհատ  կրկնել,  որ  ամեն  ինչ,  նույնիսկ  կյանքը  կտար,  միայն  թե` ետ  բերեր  այն  օրերն  ու  ամեն վայրկյանը,  որ  այդ  զանգից  հետո  ապրեցին  միասին:

«Մոտ  մեկ  ժամ  խոսեցինք: Հիմա  չեմ  էլ  հիշում`  երկու  անծանոթ ի՞նչ  էինք այդքան   խոսում,  բայց  ես, այդ  մեկ  ժամվա  ու  հետագա  ամբողջ  գիշերվա  ընթացքում  ուրիշ  էլ  ոչ  մի  բանի  մասին  մտածել  չկարողացա: Ոչ  մի  վայրկյան  չքնեցի… Նրա  ամեն բառը, ծիծաղը  շնչառությունն  ու  նույնիսկ լռությունը` հեքիաթային  գույներով  լուսավորեց  այդ  մութ  գիշերը…Առավոտյան քննությունից  դուրս  եկա  ու  դռան  մոտ… Սկզբում  անծանոթներ  ձևացանք, միջանցքում շատ մարդ  կար… Մի  քանի  րոպե  անց  արդեն  դրսում  էինք  ու  միասին…»:

Մանեն  նույնիսկ  չսպասեց`  գնահատականն  իմանար.«Չգիտեմ  ի՞նչ  էր  ինձ  հետ  կատարվում,  բայց  նրանից  բացի,  աշխարհում  էլ   ոչ ոք  ու  ոչինչ   ինձ  չեր  հետաքրքրում: Այդ  օրվանից  սկսվեց  իմ  կյանքի  ամենագունավոր,  լուսավոր,  հեքիաթային,  բայց  և  իրական   ու  դեռևս  անկրկնելի  հատվածը…»:

Ինչպես Նարեն  պատմեց`  իրական  այդ  հեքիաթը  շարունակվեց  ամբողջ  ամառ: Ու  թեև  հեքիաթները,  սովորաբար  բարի  ու  լավ  ավարտ  են  ունենում,  սակայն   այս  մեկը  նման  չԷր  մինչ  այդ  լսածներից  և  ոչ  մեկին: Ինչպես   անսպասելի  սկսվեց,  այնպես   էլ  ավարտվեց:

Մանեի    համար  ամեն  ինչ  սկսվեց,  երբ  ամեն  ինչ  ավարտվեց:

«Այն,  ինչ  ապրեցի  արձակուրդների  այդ  երկու  ամիսների  ընթացքում,  անփոխարինելի  էին,  բայց  մեծ   անհամբերությամբ  էի  սպասում  նաև   սեպտեմբերին,  վստահ  էի`  ամեն ինչ  առավել  լավ  էր  լինելու,  ավելի  հաճախ  էինք  տեսնվելու,   բայց…»:

Մոտենում  էր  սեպտեմբերը  ու  ինչպես  բոլորը`  նրանք  էլ  սկսեցին  պատրաստվել:  «Ուզում  էի  այդ  օրը  շատ  գեղեցիկ  լինել  ամենագեղեցիկը  նրա  համար:  Արսենն  առաջին  անգամ  ինձ պետք  է  դասի  ուղեկցեր: Դա  ինձ ավելի  էր  պարտավորեցնում`  հատկապես,  որ   շատ  գրավիչ   տղա էր  ու  միշտ  աղջիկների  ուշադրության  կենտրոնում: Մի  անգամ,  նույնիսկ  տեսել  եմ`  ինչպես  էին երկու  աղջիկ  «կռվում»  նրա  համար`  հենց  իմ  ներկայությամբ»,- ասում է Մանեն:

Հիշքում է՝  համացանցում  մի  զգեստ  էր  տեսել:  Ամբողջ  քաղաքում  փնտել,  բայց  այդպես  էլ  չգտնելով,  պատվիրել  էր,  որ  կարեին:

Արսենը  բազմիցս  հարցրել  էր,  թէ  Մանեն  ինչ  է  հագնելու  ու  մի քանի  անգամ  ասել.  «Չեմ   սիրում,  որ  աղջիկը  կարճ  է  հագնում»: Մանեն  հիշելով  դա`   կիսաշրջազգեստը  չափից  մի  քիչ էլ  երկար  էր  կարել` ծնկից  ներքև,  վարսերը  ևս`  Արսենի  նախընտրած  ձևով  էին,   ամեն  ինչ   քննարկել  էին,  միասին  որոշել:

Կարծու՞մ  եք՝   նոր  հեքիաթ  էր  սկսվելու:  Նրանք  էլ   էին  այդպես  կարծում`  հատկապես,  որ  ամեն  ինչ  արել  էին  դրա համար,  բայց…

Երբևէ  լսե՞լ  եք  այնպիսի  հեքիաթ,  որ  դեռ  չսկսված  ավարտվում  է . «Հիշու՞մ  եք,  չէ՞,  որ  մեր  հեքիաթն   իմ սենյակում  էր  սկսվել,  գիշերը,  մթության  մեջ: Իրական  հեքիաթ,  որ  լույսը   բացվելուն  պես  չքացավ: Չեք  հավատա,  բայց,  այն  զգեստը,  որն   այդքան  փնտրել  էի,  իր «տրամաբանական» ավարտին  հասցրեց  մեր  հեքիաթը: Առավոտյան,   քանի  դեռ  սենյակում  էի,  ամեն  ինչ  լավ  էր, շարունակ  ժպտում  էի,  զգեստս  ինձ շատ  էր  դուր  գալիս,  շտապում  էի`  րոպե  առաջ  դուրս  գալ,  ուզում  էի  տեսնել` ինչպե՞ս  կարձագանքեր նա… Երանի  ինչ -որ  մի  բան  լիներ  այդ  պահին,  որ  սենյակից  դուրս  չգայի  ու  գուցե   չլիներ  այն,  ինչ  եղավ  նրան տեսնելու  հենց  առաջին  վայրկյանից…»,- տխրում Է Մանեն:

Իրականում,  էլ  ոչ  մի  բան  էլ  չեղավ,  կամ  այն  ինչ  եղավ,  ոչ  թէ  վերջն  էր,  այլ`  անիմաստ  շարունակությունն  այն  ամենի,  որ  այդքան  սիրով  ու  անմոռանալի  հուշերով  ապրել  էին  միասին:

Արսենը,  տեսնելով  Մանեին  կիսաշրջազգեստով, բարկացել  էր,  վիրավորվել`  մտածելով  Մանեն  անտեսել  է  իր  ասածները:  Գնալուց  առաջ  էլ  մի  բան  էր  ասել միայն. «Եթե  քո  համար  կարևոր  լինեի,  չէիր  մոռանա,  որ  կարճ   շորեր  չեմ  սիրում»:

    Գոհար Մուշեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930