Արման Մելիքյանը՝ Թուրքիայի նախագահի հայտարարության մասին
«Թուրքիայի նախագահն ավելի քան անկեղծ է՝ իսկապես, թուրքական իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հայկական զինուժն Արցախում ստիպված լինի լքել իր կողմից ներկայումս վերահսկվող դիրքերը: Թուրքիան աջակցում է Ադրբեջանին բոլոր հնարավոր քաղաքական, դիվանագիտական, տնտեսական եւ ռազմական միջոցներով, եւ ես համոզված եմ, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագլխին, ինչպես նաեւ Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ ձգվող բաժանարար գծի երկայնքով իրականացվող ադրբեջանական դիվերսիոն գործողությունների ծրագրման եւ իրագործման բոլոր փուլերին մասնակցում են Թուրքիայից գործուղված մասնագետները»,- «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի օրերս արած հայտարարությունները՝ ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Գյուլն, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, ասել էր. «Թուրքիան անում է ամեն ինչ ադրբեջանական հողերն օկուպացիայից ազատելու համար»: Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել՝ ուղղված Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը. «Այդ քայլերի մի մասը բոլորին հայտնի է, մի մասն էլ՝ ոչ: Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումից հետո Կովկասում խաղաղություն կհաստատվի, եւ բոլոր խնդիրները կմոռացվեն»:
Կարդացեք նաև
Արման Մելիքյանը փաստում է, որ Թուրքիան իրոք շահագրգռված է, որպեսզի Հարավային Կովկասում իր ուզած եւ իր կողմից թելադրված պայմաններով տեւական խաղաղություն հաստատվի. «Թուրքական մոտեցումը ենթադրում է Ռուսաստանի՝ այս տարածաշրջանում ունեցած ռազմաքաղաքական ներկայության վերացում, ինչպես նաեւ Իրանի հնարավոր ազդեցության չեզոքացում: Այդ իսկ պատճառով Թուրքիան ամեն միջոցի կդիմի, որպեսզի Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ գործնական դաշնակից Հայաստանը մնա ռազմական, տնտեսական ու քաղաքական մշտական սպառնալիքների թիրախ: Քանի որ Ռուսաստանն այսօր փորձում է վերականգնել իր ռազմաքաղաքական ներկայությունն Ադրբեջանում եւ իր շահերի պաշտպանության գին է սահմանել Արցախի սահմանադրական տարածքի մի մասը հայերի կողմից Ադրբեջանին հանձնելը, ապա Թուրքիայի քաղաքականությունը կարող է շատ արդյունավետ լինել՝ թեկուզ այն պատճառով, որ Ռուսաստանը կգերադասի կտրուկ չարձագանքել սադրանքներին, իսկ Հայաստանը, անընդունակ լինելով քաղաքական մակարդակում դիմելու համարժեք հակազդեցության ու կանխարգելիչ գործողությունների, կարող է միայն կորուստների համար հատուցում ենթադրող տեղային ռազմական գործողությունների դիմել»: Մեր զրուցակիցը գտնում է, որ իրականում Թուրքիան արցախյան հակամարտության շրջանակներում հանդես է գալիս որպես Ադրբեջանի լիարժեք ռազմաքաղաքական դաշնակից, ու միայն նրա կողմից Հայաստանը տնտեսական շրջափակման ենթարկելու փաստի պաշտոնական արծարծումն արդեն կարող էր բարելավել Հայաստանի եւ Արցախի դիրքերը, սակայն, ցավոք, չունենալով համակարգված արտաքին քաղաքականություն՝ մենք խոցելի ենք մնում թե քաղաքական ասպարեզում եւ թե մեր ռազմիկներին ենք անպաշտպան թիրախ դարձնում:
«Ժամանակն է, որ մենք խոսքերի ետեւում կարողանանք տեսնել մեր հակառակորդների իրական նպատակները եւ, օրինակ, հասկանանք, որ Թուրքիան թեեւ առերեւույթ գժտվեց Իսրայելի հետ, սակայն գործնականում արեց ամեն ինչ, որպեսզի Իսրայելի ամենավտանգավոր հակառակորդները՝ Սիրիան, Եգիպտոսը եւ Լիբիան տապալվեն հիմնավորապես: Այդ տապալումը նաեւ հուժկու հարված էր Ռուսաստանի եւ Իրանի շահերին»,- ասում է Արման Մելիքյանը: Ամփոփելով՝ մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ Թուրքիան վարում է ներդաշնակ, հարձակվողական եւ ուժի կիրառման վրա հիմնված արտաքին քաղաքականություն, որը նաեւ համաձայնեցված է արեւմտյան ուժային կենտրոնների որդեգրած քաղաքական ուղեգծին: Մեր քաղաքականություն կոչվածը առկա մարտահրավերները չեզոքացնող հակաքայլեր դեռեւս չի պարունակում:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ