ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի 2012թ. – ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը այսօր Երևանում կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից կամ սպառնալիքից և ձեռնպահ մնալ պատասխան միջոցառումներից:
«Ես խստորեն դատապարտում եմ բռնության վերջին միջադեպերը: Այս հակամարտությունը չի կարգավորվի ուժի կիրառման ճանապարհով: Բռնության շրջանին պետք է վերջ տալ», – ասաց ԵԱՀԿ գործող նախագահը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո: «Այս նույն ուղերձը ես կփոխանցեմ Ադրբեջանին հինգշաբթի օրը: Վստահություն ձևավորելու ժամանակը եկել է. սա ներգրավված բոլոր կողմերից պահանջում է կամք և նվիրվածություն` խաղաղության հասնելու համար»:
«Մենք Իռլանդիայում շատ լավ գիտենք հակամարտության ավերիչ արժեքը: Եվ մենք գիտենք, թե որքան դժվար է լուծել նման իրավիճակները», – ասաց նա` վերհիշելով Հյուսիսային Իռլանդիայի խաղաղության գործընթացը: «Մեր փորձից ելնելով` շատ կարևոր է ունենալ հստակ և վճռական քաղաքականություն` բռնությանը կամ վրեժխնդիր լինելու գայթակղությանը տեղի չտալու համար: Պահանջվում է քաջություն, հաստատակամություն ու բովանդակալից ներգրավվածություն»:
Նախագահը շեշտեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին. «ԵԱՀԿ-ն կարող է օգնել պետությունների և ժողովուրդների միջև եղած տարբերությունները կամրջելու հարցում: Մենք կարող ենք երկխոսության ֆորում ապահովել և օգնել կողմերին ամրապնդել հրադադարի ռեժիմը ու գտնել բանակցված լուծում»:
«Սակայն, որպեսզի առաջընթաց լինի այս երկարատև հակամարտության լուծման հարցում, կողմերը պետք է էլ ավելի առաջ գնան լուծման ուղղությամբ ընդհանուր սկզբունքների վրա իրենց աշխատանքի հարցում, հեռացնեն դիպուկահարներին շփման գծից, համաձայնության գան ճակատային գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ և ուղիներ գտնեն մարդկանց միջև անմիջական շփումները զարգացնելու ուղղությամբ Նախագահների կողմից կայացված վերջին համաձայնագրի կատարման համար», – ասաց նա` ընդգծելով վստահության ձևավորման միջոցառումների անհրաժեշտությունը:
Այսօր ավելի ուշ նա հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ` Հովիկ Աբրահամյանի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ հետ:
Իր հանդիպումների ժամանակ Գործող նախագահը նաև կքննարկի Հայաստանի համագործակցությունը ԵԱՀԿ-ի, երևանյան գրասենյակի և հաստատությունների հետ: «Ես ողջունում եմ գերազանց համագործակցությունը, որ ծավալվել է Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև, որն աջակցում է հանրապետությանը իր բարեփոխումների գործընթացում, մասնավորապես, ոստիկանության և դատական համակարգի, ինչպես նաև կարգավորման ու տնտեսական բարեփոխումներում»:
Հայաստան այցելելուց հետո ԵԱՀԿ գործող նախագահ Գիլմորը հունիսի 12-ին և 13-ին կլինի Վրաստանում, իսկ 13-ին և 14-ին` Ադրբեջանում: