Հունիսի 12-ին կայացավ Հայաստանի արտգործնախարարի եւ տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Էյմոն Գիլմորի հանդիպումը:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր երկու ժողովուրդները դարերից եկող խորը կապեր ունեն: Այս անգամ Դուք ժամանել եք որպես ԵԱՀԿ գործող նախագահ, և հուսով եմ շուտով հյուրընկալել Ձեզ Երևանում նաև որպես բարեկամական Իռլանդիայի փոխվարչապետ և արտգործնախարար»:
«Հայաստանն աջակցել է Իռլանդիայի թեկնածությանը ԵԱՀԿ նախագահողի ընտրություններում, և մենք, հանդիսանալով ԵԱՀԿ ակտիվ անդամ-պետություններից մեկը, կնպաստենք իռլանդական նախագահության ընթացքում կազմակերպության արդյունավետության և կենսունակության բարձրացմանն ուղղված քայլերին»,- հավելեց նախարար Նալբանդյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էյմոն Գիլմորն ասաց, որ ուրախ է այցելել Երևան և ծրագրում է նաև ժամանել Հայաստան երկկողմանի այցով:
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում տեղի ունեցավ Իռլանդական նախագահության օրակարգի կարևոր հարց հանդիսացող Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման շուրջ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և տարածաշրջանում իրավիճակը սրելուն ուղղված Ադրբեջանի քայլերը:
«Հայաստանը մշտապես հանդես է եկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին և այս առումով մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը՝ արտահայտված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահների հայտարարություններում 2009 թ.՝ լ՛Աքվիլայում, 2010 թ.՝ Մուսկոկայում և 2011թ.՝ Դովիլում»,- ընդգծեց նախարար Նալբանդյանը:
Այս ենթատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը շեշտեց, որ իռլանդական նախագահությունը մտահոգված է իրավիճակի սրմամբ և նպատակադրված է քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի համաձայնեցման և իրագործման ուղղությամբ: Նա հավելեց, որ ԵԱՀԿ-ն սատարում է Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Էյմոն Գիլմորը նաև դրական գնահատեց Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և վերահաստատեց ԵԱՀԿ բազմակողմանի աջակցությունը այդ գործընթացին:
Նախարարներն անդրադարձան ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերին, կազմակերպության բարեփոխումներին:
Էդվարդ Նալբանդյանի և Էյմոն Գիլմորի հանդիպմանը հետևեց համատեղ մամլո ասուլիս:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ