Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնահեգնանքի պակասը

Հունիս 12,2012 13:13

Կարեւոր հատկանիշներից մեկը, որը ես շատ բարձր եմ գնահատում մարդկանց մեջ, սեփական անձի նկատմամբ որոշակի հեգնական վերաբերմունքն է: Երբ մարդն ինքն իրեն չափից դուրս լուրջ է վերաբերվում, ես դժվարանում եմ նման մարդու հետ շփվել, նաեւ հարցազրույց վերցնել, որովհետեւ ցանկացած պատասխանի մեջ նա անպայման կընդգծի իր տիեզերական նշանակությունը ժամանակի եւ տարածության մեջ: Հասկանալի պատճառով քաղաքական գործիչներն այդպիսիք պետք է լինեն. դե, էլ ինչի՞ համար մարդը պետք է մտնի քաղաքականություն (մանավանդ՝ մեզ նման փոքր եւ թերզարգացած երկրում), եթե ոչ՝ ազգը փրկելու համար: Ավելի ցածր եւ անկարեւոր առաքելություն «սիրելի ժողովուրդ ջան»-ը նրանից չի էլ սպասում: Հենց այդ պատճառով էլ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը փքված են հնդկահավերի նման: Մնացած մասնագիտությունների մարդկանցից գոնե տեսականորեն սպասելի է ինքնաընկալման մեջ որոշակի հումոր:

Բայց այդ հումորի պակասը, հավանաբար, ընդհանրապես բնորոշ է փոքր  ազգերին: Նման հետեւության կարելի է գալ՝ թեկուզ դատելով այն քննարկումներից, որոնք ծավալվում են հայերի եւ ադրբեջանցիների միջեւ՝ համացանցային «ճակատներում»: Օրինակ՝ եթե մեկը գրում է՝ «այսօր Երեւանում անձրեւ է եկել», ապա անպայման կգտնվի մեկը, որն անպայման «քոմենթներում» կնշի՝ «ոչ թե Երեւանում, այլ Ռեւանում, որն այդպես է կոչվում ադրբեջանական Ռեւան 7-րդ խանի պատվին»: Ու գնաց անիմաստ եւ անպտուղ լեզվակռիվը: Չի գտնվում մեկը, որ ասի՝ «Իջե՞լ ենք Լուսնից, զավթե՞լ ենք ձեր պատմական հողերը՝ լավ ենք արել: Եթե փորձեք մեզ վրա հարձակվել, աչքերդ կհանենք»: Նույնը՝ ներքին քաղաքական բանավեճում, որտեղ «կայունության» եւ «լեգիտիմության» ջատագովները ոչ մի կերպ չեն կարողանում իրար համոզել:  Ամեն ինչ գալիս է սեփական անձի, սեփական քաղաքական խմբի կամ սեփական ազգի նկատմամբ որոշակի տարածությունից նայելու անկարողությունից:

Հայաստանյան իրավապահ մարմինները նույնպես զուրկ են որոշակի ինքնահեգնանքից: Հակառակ դեպքում նրանք մի փոքր ավելի հարուստ երեւակայություն կունենային: Թե չէ՝ ստացվում է, որ մեր նախկին արտգործնախարարները «փիս բնավորություն» ունեն փողեր լվալու: Գուցե դա նրանց մոտ հոբբի է կամ համաճարակ: Բայց փաստ է. թե Ալեքսանդր Արզումանյանը, թե Վարդան Օսկանյանը հենց որ մտան ակտիվ քաղաքականություն (ընդ որում՝ ընդդիմադիր դաշտում), նրանք իսկույն միացրեցին իրենց «լվացքի մեքենաները», որպեսզի լվան արտասահմանյան «մութ ուժերից» ստացած տարադրամները:

Չգիտես ինչու, հիշեցի «Աշնանային մարաթոն» ֆիլմը: Այնտեղ գլխավոր հերոսը ինչ-որ պատմություններ է մոգոնում՝ կնոջից իր «լեւի գնալը» թաքցնելու համար: Եվ երբ նա ասում է, որ արտասահմանցի պրոֆեսորին հանել է սթափարանից, կինը դրան հակադարձում է՝ «սթափարանի մասին դու արդեն խաբել ես»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930