«Շուտով կներկայացնենք հանրությանը»,- Aravot.am-ի հարցին՝ արդեն հայտնի՞ են այն նախարարների անունները, որոնց պաշտոնները թափուր մնացին ԲՀԿ-ի՝ կոալիցիա կազմելուց հրաժարվելուց հետո, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ակնկալվում է, որ այս շաբաթվա վերջում արդեն հայտնի կդառնա նոր կառավարություն կազմը: Վարչապետից հետաքրքրվեցինք՝ շա՞տ են փոփոխություններ լինելու: «Մենք արդեն մի քանի անգամ ծանուցել ենք, որ կադրային փոփոխություններ շատ չեն լինելու եւ մեր հիմնական թիմը պահպանվելու է: Խոսքը գնում է այն պաշտոնների մասին, որոնք մեր գործընկերներն այսօր ազատել են»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Aravot.am-ը նաեւ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանից հետաքրքրվեց՝ ինքն աչդեն տեղյա՞կ է, թե գործադիրի ո՞ր օղակում է ծավալելու իր հետագա գործունեությունը: Պարոն Նիկոյանն ասաց, որ դեռ ոչինչ ասել չի կարող: Հիշեցնենք, որ Սամվել Նիկոյանը դուրս մնաց ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած անձանց շարքերից եւ խոսակցություններ են շրջանառվում, որ վերջինս նշանակվելու է բնապահպանության նախարար:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ