Այսօր մեկնարկած մաթեմատիկա առարկայի միասնական քննության առիթով ԵՊՀ-ում ձեւավորված քննական կենտրոն այցելեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Այստեղ քննություն էր հանձնելու 359 դիմորդ, սակայն 21-ը չէին ներկայացել:
Ներս մտնելու պահին եւ քննակենտրոնից դուրս գալիս ծնողները շրջապատեցին նախարարին՝ իրենց մտահոգող որոշ հարցեր ուղղելով: Արմեն Աշոտյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞ւմ երեխան է կրկնուսույցի մոտ պարապել, ինչքա՞ն գումար են ծախսել ծնողները երեխաների լրացուցիչ պարապմունքների վրա: Արդեն քննակենտրոնում նա սկսեց հարցուփորձ անել դիմորդներին՝ լա՞վ են զգում, պատրաստվա՞ծ են եկել քննության, թե՞ ոչ: Մի աղջիկ այնքան հուզված էր, որ Կրթության եւ գիտության բժիշկ նախարարը ստուգեց պուլսը:
Խոսելով շտեմարանային քննությունների մասին, նախարարն ասաց, որ այդ եղանակը բխեցվել է կառավարության հակակոռուպցիոն ծրագրից: Իսկ մինչ այդ վերլուծվել են մամուլի ՝ քննական թեմաներով հրապարակումները եւ կայացվել է եզրակացություն, որ քննադատության 95%-ը վերաբերում էր թեստերի բովանդակությանը, իսկ հետքննական քննարկումների թոհուբոհը պտտվում էր հատկապես հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաների թեստերի որակի շուրջ:
Կարդացեք նաև
Արմեն Աշոտյանը այսօր արդեն գոհ է, որ հայոց լեզվի քննությունից հետո մամուլում որեւէ «բիծ» չի գտել քննությունների վերաբերյալ: «Աժիոտաժը, ահնհարկի լարվածությունը, քննությունների անկանխատեսելության մակարդակը կտրուկ ընկել է եւ մասնավորապես հայոց լեզվի թեստերի բովանդակություն ու որակը այս տարի քննարկումների առարկա չեն դարձել: Այսօր մաթեմատիկայի՝ մեր հաջորդ պիլոտային առարկայի քննությունն է, որն ուներ շտեմարան: Ես հույս ունեմ՝ մաթեմատիկայի քննությունը նույնպես կապացուցի, որ մեր բռնած ճանապարհը լավն է եւ կարող ենք հաջորդ տարի ասել, թե բոլոր քննական առարկաները հետայսու կկազմակերպվեն շտեմարանային եղանակով»,- ասաց նախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ