Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային փորձագետը՝ Չախալյանի գործի մասին

Հունիս 12,2012 12:06

Մարդու իրավունքների միջազգային փորձագետ Պերնան դը Վարենը ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ձերբակալությունը եւ դատավարությունը Վրաստանում համարեց մարդու իրավունքների մի շարք խախտումներով կայացած:

Փորձագետն այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց, որ Չախալյանի դեպքը այն բացառիկ դեպքերից է, երբ միաժամանակ իրավունքի 4 կետ է խախտվել: Առաջինը՝ մեղադրյալի ինքնապաշտպանության իրավունքը, վկաների հարցաքննության, իրավաբանական խորհրդատվության ընտրության եւ թարգմանությունից օգտվելու իրավունքը: Փորձագետը մեծ հույսեր է կապում Եվրոդատարանի հետ: Ըստ նրա՝ գործը գտնվում է Եվրոդատարանում եւ ուսումնասիրությունից հետո Եվրոդատարանը նույնպես կարձանագրի, որ Վրաստանում դատավարությունն անցել է կոպիտ խախտումներով: Փորձագետը նկատեց, որ 2006թ. սկսած, Վրաստանում ազգային փոքրամասնություններին իշխանությունները  վատ են վերաբերվում, նրանց համար խոչընդոտներ ստեղծում:  Նա մասնավորապես նկատել է մի քանի դեպքեր, երբ լուսանկարիչներին մեղադրել էին լրտեսության մեջ, երբ վերջիններս ցույցերի լուսանկարներ էին Վրաստանից դուրս ուղարկել: Փորձագետն ասաց, որ վերջին շրջանում կրկին լրտեսության մեղադրանքով  ձերբակալվել են մի շարք անհատներ այն բանի համար, որ հարցաթերթիկներ էին լրացրել, նրանց մի մասն էլ հանդիպել էր Եվրախորհրդի ներկայացուցիչների հետ:

Հարցին, թե Վրաստանի կառավարությունը կկատարի՞ Չախալյանի գործով Եվրոդատարանի որոշումը, փորձագետը վստահեցրեց, որ նման դեպքերում Եվրոդատարանը գումարային փոխհատուցում կպահանջի, իսկ նման դեպքերում Վրաստանի կառավարությունը սովորաբար վճարում է: Փորձագետը նաեւ հավելեց, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն, Չախալյանը վրացական իշխանությունների թիրախ է դարձել հենց հայ համայնքի ակտիվիստ լինելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930