Ներկուլիսային քննարկումների հիմնական թեման այսօր դարձել է կառավարության ծրագրի հանդեպ ԲՀԿ դիրքորոշումը։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ԲՀԿ-ն կառավարության ծրագրին դեմ չի քվեարկելու, համենայնդեպս՝ իր մեծ մասով։ Հակադարձելով այս խոսքերին՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ինձ համար առնվազն զարմանալի է, որ վերջին շրջանում Ռուբեն Հակոբյանը փորձում է ստանձնել ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները։ Այդ պատգամավորը նույն վստահությամբ հայտարարում էր, որ ԲՀԿ-ն անպայմանորեն մաս է կազմելու իշխող կոալիցիային: Այժմ էլ իրեն իրավունք է վերապահում ԲՀԿ փոխարեն հայտարարություններ անելու: Եթե պարոն Հակոբյանի համար այդքան հոգեհարազատ են ԲՀԿ խոսնակի պարտականությունները, ապա նա կարող էր ընդհանուր հիմունքներով դիմել մեզ՝ խնդրելով քննարկել իր թեկնածությունը ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնում։ Մեկ բան կարող եմ վստահաբար ասել՝ փորձը ցույց է տալիս, որ Ռ. Հակոբյանն իր բոլոր կանխատեսումներում խստագույնս սխալվում է»։ Նաիրա Զոհրաբյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ ԲՀԿ-ն, ի վերջո, կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին, թե դեմ:
«Ժողովուրդ»