Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Մոտ ենք ղարաբաղյան խաղաղ կարգավորման հնարավորությունները սպառված համարելու եզրագծին»

Հունիս 12,2012 10:43

Հատված 1994–95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994–95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, «Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանի հարցազրույցից:

Տեսակետ կա, որ դիվերսիոն հարձակումներով Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ չի համակերպվելու ստատուս քվոյի հետ եւ ձգտելու է դրա փոփոխմանը, Դուք տեսնո՞ւմ եք այդպիսի հնարավորություն։

– Այո, գաղտնիք չէ, որ Ադրբեջանն արդեն տեւական ժամանակ պայքարում է ստատուս քվոյի փոփոխման համար եւ, իմ ունեցած տեղեկություններով, պատրաստվում է այս հարցը բարձրացնել առաջիկայում Փարիզում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը։ Կարծում եմ, որ Հայաստանը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ Ադրբեջանը ստատուս քվո փոխելու տակ հասկանում է բացառապես տարածքների հարցը։ Մինչդեռ որպես ստատուս քվոյի փոփոխություն կարող են դիտարկվել բազմաթիվ տարրեր, սկսած շփման գծում այսօր տիրող իրավիճակը, Հայաստանի շրջափակումն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը, այն փաստը, որ հայկական ազգանուն կրող անձանց մուտքն այդ երկիր արգելվում է՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացին են նրանք հանդիսանում։ Սա միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարում է։ Ստատուս քվոյի հարց է նաեւ շփման գծում դիպուկահարների առկայությունը։ Եթե Ադրբեջանը բարձրացնում է ստատուս քվոյի հարց, ապա պետք է նկատի ունենալ, որ դրա մեջ առաջին հերթին մտնում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցը։ Ստատուս քվոն, ըստ էության, արդեն խախտվել է, քանի որ դարաբաղյան հակամարտությունը սահմանային միջադեպերի հաճախակի դառնալու պարագայում սառեցված հակամարտությունից վերածվել է ապասառեցված հակամարտության։

Այս հարցում հսկայական անելիք ունի ոչ միայն ԵԱՀԿ-ն, այլեւ Եվրամիությունը, որը ներկայումս Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Ասոցացման պայմանագրի մանրամասներն է քննարկում։ Եթե Եվրամիությունն իսկապես շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ եւ խաղաղությամբ, ապա այդ պայմանագրերում կետեր պետք է ներառի, համաձայն որոնց՝ կողմերին կպարտավորեցնի հարգել հրադադարի ռեժիմի շուրջ ձեռք բերված պարտավորությունները։ Անկեղծ ասած՝ ես հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ անկողմնակալ մոտեցում չեմ տեսնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կողմից։ Կան հստակ մեխանիզմներ, որոնց միջոցով նրանք կարող են հետեւել, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում. երեք միջնորդ երկրներն էլ արբանյակային համակարգերից կարող են հստակ հետեւել շփման գծում տեղի ունեցողին եւ անհրաժեշտության դեպքում համարժեք գնահատականով հանդես գալ։

Ինչո՞ւ են նրանք շահագրգռված հրադադարի ռեժիմի խախտմամբ եւ ի՞նչ են շահում դրանից։

– Իմ խորին համոզմամբ, մենք արդեն մոտ ենք ղարաբաղյան խաղաղ կարգավորման հնարավորությունները սպառված համարելու եզրագծին։ Խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի վարած քաղաքականության արդյունքում այսօր լրջորեն խախտված է հակամարտող կողմերի միջեւ առկա ռազմաքաղաքական  բալանսը, խախտված է՝ հօգուտ Ադրբեջանի. միայն Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարված 1,6 միլիարդի զենքը կամ Ռուսաստանից գնված 24 հարվածային ուղղաթիռները բավարար են հասկանալու, թե ուր է հասել Ադրբեջանը:

Ցանկացած հակամարտության դեպքում ռազմաքաղաքական բալանսը կարեւորագույն գործոն է խաղաղ կարգավորման հնարավորությունները գնահատելու համար։ Եվ պարզ է, որ որքան հակամարտող պետությունների միջեւ այդ բալանսը կայուն է, այնքան հեշտ է հասնել հակամարտության կարգավորմանը, իսկ եթե այն խախտված է հօգուտ կողմերից մեկի, բնական է, որ այդ կողմը փորձելու է օգտվել իր առավելությունից։ Իմ մտահոգությունն այն է, որ խախտված հավասարակշռությունը կարող է ավելի խորանալ՝ ի վնաս մեզ։ Բացի այդ, դարաբաղյան խնդիրն այսօր քննարկվում է այնպիսի խնդիրների համատեքստում, ինչպիսին Իրանն է, Սիրիան եւ տարածաշրջանն ընդհանրապես։ Եվ եթե նախկինում կարելի էր պնդել, որ աշխարհաքաղաքական կենտրոններից որեւէ մեկը շահագրգռված չէ պատերազմի վերսկսմամբ, ապա այսօր չի կարելի վստահաբար ասել, թե չկան տարածաշրջանային ուժեր, որոնք շահագրգռված֊ չեն պատերազմի վերսկսմամբ։

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հրապարակ»

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930