Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաց նամակ Երևանի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցների և Սայաթ-Նովա պողոտայի բնակիչներից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Հունիս 12,2012 10:28

Հարգելի պարոն վարչապետ,

Ցավոք, Ձեզ ուղղված վերջին նամակի պատասխանը, որը ստացանք Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Լ.Հակոբյանից, չէր պարունակում մեզ հուզող հարցերի պատասխանները: Դրանք ստանալու ակնկալիքով մենք այսուհետ որոշել ենք ընտրել բաց նամակներ հրապարակելու ճանապարհը, քանի որ պատկան մարմիններին մեր բազմաթիվ դիմումներին ստացվել են միայն  ձևական պատասխաններ: Բացի այդ, հանրությունը, որի «բացառիկ գերակա շահից» ելնելով է նախատեսվում մեր բակի էլիտար շենքի կամ շենքերի շինարարությունը, պետք է որ հնարավորություն ունենա եւս հաղորդակից լինելու մեր պահանջներին և իրավասու մարմինների արձագանքին:

Դժվար չէ հասկանալ, թե ինչու բացառիկ գերակա հանրային շահի թիրախ ընտրվեց մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղակայված մեր բակը և այստեղ գտնվող ոստիկանության թիվ 1 մանկապարտեզը, որը քանդվեց եւ օտարվեց` խախտելով <Նախադպրոցական կրթության մասին> ՀՀ օրենքը: Առավել ևս, եթե «Ավագ Շին»-ի կողմից կառուցվելիք բազմահարկ, բազմաֆունկցիոնալ բնակելի շենքից մոտ 1800 քմ տարածք է հատկացվելու ոստիկանությանը: Անհասկանալի է այլ բան` ինչու պետք է արդյունքում տուժեն այս «ոստիկանապատկան» տարածքը շրջապատող շենքերի բնակիչները:

Արդեն այսօր, չնայած ամառվա տապին, մի քանի հազար մարդ  ստիպված է ապրել փակ պատուհաններով, ինչը,սակայն,չի փրկում նրանց շինարարության արդյունքում բարձրացող աղմուկից և փոշուց: Իսկ շինարարության ավարտին էլ նրանք զրկվելու են  լույսից, օդից, առանց ավելորդ աղմուկի ապրելու հնարավորությունից:

Պաշտոնական ատյանները պնդում են, որ այժմ բակային տարածքը չի համապատասխանում քաղաքաշինական և հակահրդեհային նորմերին: Մինչդեռ հասկանալի չէ, թե ավելացնելով բնակեցման խտությունը մի տարածքում, ուր շենքերի մուտքերը դուրս են գալիս դեպի բակ, ինչպես կարելի է ապահովել մարդկանց տարհանումը հրդեհի կամ այլ խոշոր աղետների դեպքում` խուսափելով հրմշտոցից և ավելորդ զոհերից:

1988 թ ավերիչ երկրաշարժից հետո մասնագետները կանխատեսում էին Երևանում ևս նման աղետի կրկնման հնարավորությունը: Այն առավել հավանական է թվում վերջին շրջանում մեր տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության կտրուկ բարձրացման  պայմաններում: Մեր բակային տարածքում շինարարության հետ կապված մեր դիմումին ստացված ՍՊԱԾ պատասխանում նշվում է, որ Նալբանդյան 106/1-ի հարևանությամբ գտնվող բոլոր շենքերը կառուցվել են 1988 թ երկրաշարժից առաջ, չեն համապատասխանում սեյսմիկ շինարարության այսօրվա նորմերին և ամրացման կարիք ունեն: Սակայն փոխարենը  5-հարկանի շենքերի հարևանությամբ բարձրահարկ է կառուցվում, ինչն էլ ավելի է մեծացնում երկրաշարժի դեպքում մեր շենքերի փլուզման վտանգը:

Պարոն վարչապետ, վերջերս Բրյուսելում Դուք հայտարարեցիք, որ Հայաստանը նախընտրում է զարգացման եվրոպական ուղին: Կարծում ենք, դա նշանակում է ոչ միայն եվրոպական ներդրումներ մեր երկրի տնտեսության մեջ, այլև մարդու այնպիսի տարրական իրավունքների պաշտպանության ապահովում, ինչպիսիք են անվտանգ և առողջ ապրելու իրավունքը: Համոզված ենք, որ ցանկության դեպքում կառավարությունը կարող է վերանայել  հերթական «էլիտարը» կառուցելուն ուղղված իր որոշումը՝ հատկապես հաշվի առնելով կենտրոնի կետային կառուցապատման դադարեցման անհրաժեշտության մասին Ձեր հայտարարությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930