Բաքվի գրեթե բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները երեկ հակասական լուրեր էին տարածում «ռազմաճակատային գծում երկու սպայի վիրավորվելու» հանգամանքների մասին: Օրվա երկրորդ կեսին, այնուամենայնիվ, հնարավոր դարձավ որոշակի պատկերացում կազմել, թե ինչ է տեղի ունեցել:
Ըստ հաղորդագրությունների, Գերանբոյի ուղղության զորամասերից մեկում երկու սպա ականի է զարնվել եւ ծանր վիրավորվել: Հայտնի է դարձել, որ վիրավորներից մեկը տվյալ զորամասի ինժեներասակրավորական ծառայության պետն է, մյուսը` վերջինիս ենթակա սպա: Երկուսն էլ ունեն կապիտանի կոչում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել հունիսի լույս 10-ի գիշերը: Վիրավորները նախնական բուժօգնություն են ստացել Գերանբոյի շրջանի Սարիջալու տեղամասի հոսպիտալում, ապա ուղղաթիռով տեղափոխվել Բաքու: Հաղորդվել է, որ կապիտան Վերդիեւը գտնվում է ՊՆ կենտրոնական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում, եւ նրա վիճակը «շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»:
Ադրբեջանական լրատվամիջոցների ասելով, նախապես ականի է զարնվել զորամասի ինժեներասակրավորական ծառայության պետ Զահիր Մամեդովը, իսկ վերջինիս օգնության շտապած Վերդիեւը «վիրավորվել է երկրորդ ականի պայթյունի հետեւանքով»: Մենք այսքան մանրամասը շարադրում ենք ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցած տեղեկատվությունները, որպեսզի ցույց տանք մի փաստ. ականի են զարնվել ոչ թե նորակոչիկ շարքայիններ, այլ` զորամասի ինժեներասակրավորական ծառայության պետը եւ, հավանաբար, իր տեղակալը:
Ըստ այդմ, երկուսն էլ եղել են փորձառու սակրավորներ: Հետեւաբար, նրանք ունեցել են խիստ պատասխանատու մարտական առաջադրանք: Թերեւս` ականազերծելու անցուղիներ, որպեսզի դիվերսիոն խումբը ԼՂՀ ՊԲ առաջապահ դիրքերին մոտենալու հնարավորություն ստանա: Բացառված է, որ ականազերծման գործողություններն անմիջականորեն իրականացնել են փորձել միայն երկու սպա: Հետեւաբար, հիշյալ դեպքի ժամանակ շարքային զինծառայողներ նույնպես տուժել են:
Կարդացեք նաև
Բայց ամենակարեւորը տվյալ դեպքում այն է, որ իրականությունը ստիպում է, որպեսզի ադրբեջանական քարողչությունն ակամա խոստովանություն անի. Գերանբոյի ուղղությունում նույնպես ձեռնարկվել է դիվերսիայի փորձ, որը հետագա զարգացում չի ունեցել, քանի որ ինժեներասակրավորական ծառայության ականազերծող խումբը իր վրա դրված առաջադրանքը չի կարողացել կատարել:
Սա այն դեպքն է, երբ սակրավորի մեկ անգամ սխալվելը ոչ միայն առնվազը հաշմանդամության է դատապարտել երկու սպայի, այլեւ պայթեցրել ադրբեջանական քարոզչությունը: Ակնհայտ է, որ ինժեներասակրավորական ծառայության պետը չէր կարող սեփական տարածքում ականի զարնվել: Հակառակ դեպքում պետք է ընդունել, որ ադրբեջանական բանակում սակրավորները չգիտեն, թե երբ, որտեղ, ինչ խտությամբ կամ խորությամբ են ականներ տեղադրվել:
«Ազգ»