Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը` Օսկանյանին. «ՀՀ-ում քաղաքական պատվերների, հետապնդումների եւ ռեպրեսիաների ժամանակներն անցյալում են»

Հունիս 11,2012 20:39

Հարգելով ՀՀ  նախկին նախարար եւ գործող պատգամավոր Վարդան Օսկանյանի`ազատ կարծիք արտահայտելու իրավունքը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, այնուհանդերձ, տարօրինակ է համարում վերջինիս այսօր արած հայտարարությունը: Հիշեցնենք, որ այսօր պարոն Օսկանյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել իր հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամում, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրվել նաեւ ինքը: Նախկին արտգործնախարարն ու նրա հիմնադրած կառույցը կասկածվում են «փողերի լվացման» մեջ: Ըստ Վարդան Օսկանյանի, այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի: «Տարօրինակ է, որովհետեւ դա ասում է փորձառու գործիչը»,- ասում է ԱԺ փոխխոսնակը` Օսկանյանին եվս մեկ անգամ հիշեցնելով, որ ՀՀ-ում քաղաքական պատվերների, հետապնդումների եւ ռեպրեսիաների ժամանակներն անցյալում են, եւ որ այսօր ՀՀ-ն կառուցում է ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկիր:

Մեր դիտարկմանը` ինչո՞ւ հենց հիմա, երբ Օսկանյանը քննադատությամբ սկսեց հանդես գալ իշխանության հասցեին, ԱԱԾ-ն որոշեց հետաքրքրվել նախկին նախարարի գործունեությամբ, Շարմազանովը պատասխանեց, որ ինքն այն քաղաքական գործիչներից չէ, որոնք շտապում են իրավական կոնֆլիկկտներին քաղաքական գնահատականներ տալ եւ բոլորին էլ կոչ է անում ձեռնպահ մնալ հապշտապ հայտարարություններից. «Պետք է մի բան հասկանալ. մեր Սահմանադրությամբ կա իշխանությունների տարանջատման սկզբունք, եւ  իշխանական յուրաքանչյուր օղակ պետք է իրականացնի իր վրա դրված սահմանադրական ֆունկցիաները: Մենք պետք է սովորենք, որ ամեն ինչում քաղաքական ենթատեքստ չպետք է տեսնել: Եթե մենք սկսենք ամեն ինչում քաղաքական գնահատականներ փնտրել, ապա այդ ամենը կվերածվի քաոսի եւ շահարկումների: Առավել փորձառու գործիչներին եվս մեկ անգամ կոչ եմ անում լինել հավասարակշռված եւ չշտապել ամեն ինչում քաղաքական շահարկումներ փնտրել: Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ ամեն ինչ բաց է, հրապարակային է, որտեղ կարող ենք կազմակերպել նորմալ, ժողովրդավարական ընտրություններ եւ որտեղ իշխանությունների կատարած քաղաքական բարեփոխումները բարձր են գնահատում մեր միջազգային գործընկերները, այդ թվում նաեւ ԱՄՆ պետդեպը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930